Մատչելիության հղումներ

Ռեկտորի պաշտոնում Էրդողանի թեկնածուի նշանակումը բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում


Ստամբուլի Բողազիչիի համալսարանի նոր ռեկտորի նշանակման հետևանքով լարված իրավիճակը, բողոքի ակցիաները չեն դադարում, ոստիկանների բռնությունները շարունակվում են, երեկ ևս տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել։

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել ոստիկանների գործողությունների ու Թուրքիայի իշխանությունների վարքագծի կապակցությամբ։

Ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող Բողազիչիի համալսարանի ռեկտորը միշտ ընտրվում էր, հազվադեպ բացառություններ են եղել, ինչպես ասենք 40 տարի առաջ ռազմական հեղաշրջման ժամանակ, սակայն այս տարի երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանը որոշեց ռեկտոր նշանակել անցած խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ցուցակում ընդգրկված Մելիհ Բուլուին։

Էրդողանի թեկնածուի նշանակումը ցուցարարները հակաժողովրդավարական են համարում, ու բողոքի ալիքն արդեն վերաբերում է ոչ միայն զուտ ռեկտորի նշանակման փաստին, այլև ժողովրդավարական սկզբունքների ոտնահարմանը։ Թուրքիայում հանրային քննարկման թեմա է դարձել կառավարության ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։ Ստամբուլից բացի, բողոքի ակցիաներ են անցկացվել Անկարայում։ Այս շաբաթվա ընթացքում ոստիկանությունը Ստամբուլում բերման է ենթարկել ավելի քան 250 ցուցարարի, Անկարայում` շուրջ 7 տասնյակի։

Միացյալ Նահանգները երեկ հայտարարել է, թե մտահոգված է ուսանողների և մյուս ցուցարարների ձերբակալություններով և դատապարտել է բողոքի ակցիաների մասին սեռական կողմնորոշումները վարկաբեկող հռետորաբանությունը։

Ուսանողների ցույցերի ֆոնին` Ռեջեփ Էրդողանը փետրվարի 1-ին իշխող կուսակցության անդամների հետ տեսակոնֆերանսում գովաբանել էր կուսակցության երիտասարդական թևին` ասելով, թե հոգ են տանելու նրանց համար, «նրանց են ուղեկցելու դեպի ապագա, այլ ոչ թե ԼԳԲՏ երիտասարդներին»։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը թվիթերյան գրառմամբ բողոքող ցուցարարներին որակել էր «շեղված ԼԳԲՏ-ականներ»։ «Արդյոք մենք պետք է հանդուրժող լինենք շեղված ԼԳԲՏ-ականների հանդեպ, որ վիրավորում են մեծ Կաաբան։ Իհարկե, ոչ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր նախարար Սուլեյման Սոյլուն։

Ավելի վաղ չորս ուսանողներ համալսարանի պատից պաստառ էին կախել, որի վրա պատկերված էր Մեքայի մահմեդական սրբավայրը ԼԳԲՏ համայնքի բազմագույն դրոշով։ Կաաբան մեծ, սև քառակուսին է, որի շուրջ մահմեդական ուղտավորները պտտվում են Մեքայում։ Չորս ուսանողները ձերբակալվել են, նրանցից բացի, կան ևս տասնյակ ձերբակալվածներ։ Ցուցարարները, ռեկտորի հրաժարականից բացի, պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին։

Թվիթերի ղեկվարությունը հայտարարել է, թե Սոյլուի, ինչպես նաև նմանատիպ ձևակերպումներ օգտագործած այլ գրառումները այլատյածության բնույթ ունեն, խախտում են ատելության խոսքի չտարածման կանոնները։ Ներքին գործերի նախարարն ասել է, թե դուրս է գալու Թվիթերից, Տելեգրամ ալիք է օգտագործելու։

Նախագահ Ռեջեփ Էրդողանը ցուցարարներին իր նախընտրած որակումն է տվել՝ ահաբեկիչներ և հայտարարել, թե կառավարությունը թույլ չի տա, որ ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները վերածվեն հակակառավարական ցույցերի, ինչպես տեղի ունեցավ 2013 թվականին։ Այդ ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելով Գեզի զբոսայգում օսմանյան զորանոցի կրկնօրինակը կառուցելու կառավարության քաղաքաշինական ծրագրի դեմ։

«Դուք ուսանողնե՞ր եք, թե՞ ահաբեկիչներ, որ ցանկանում եք զավթել ռեկտորի կաբինետը։ Թուրքիան երբեք չի լինի մի երկիր, որտեղ գերիշխում են ահաբեկիչները։ Այս երկրում չեն կրկնվի Գեզիի իրադարձությունները», - հայտարարել է Էրդողանը։

«Մենք այս երկրի ապագան ենք, մենք ահաբեկիչներ չենք, այլ լուսավոր ապագան»,- պատասխանել են ուսանողները:

Իշխանությունների կողմից նշանակված ռեկտոր Մելիհ Բուլուն հայտարարել է, թե հրաժարական չի տա։ Բողազիչիի կամ Բոսֆորի համալսարանը Թուրքիայի առաջատար համալսարաններից մեկն է, որտեղ ավելի քան տասը հազար ուսանող է սովորում։

XS
SM
MD
LG