Մատչելիության հղումներ

Ըստ Bloomberg-ի, Էրդողանի մերձավորները կզբաղվեն Թուրքիայի տարածքում Sputnik V-ի արտադրությամբ


Մոսկվան և Անկարան ամիսներ շարունակ գաղտնի են պահել ռուսական արտադրության Sputnik V հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ Թուրքիայի տարածքում արտադրություն կազմակերպելու վերաբերյալ ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը՝ պնդելով, որ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության շուրջ բանակցությունները մեկնարկել էին այն բանից հետո, երբ անցած տարվա ամռանը նման սկզբունքային պայմանավորվածության էին հանգել երկու երկրների նախագահները։

Sputnik V-ի արտադրության շուրջ Էրդողան-Պուտին պայմանավորվածության փաստը դեկտեմբեր ամսին հաստատեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ուշագրավ է, սակայն, որ ռուսական պատվաստանյութի թողարկման շուրջ պայմանագիրը կողմերը կնքել էին դեռ օգոստոսի16-ին, երբ Sputnik V-ի արդյունավետության մասին որևէ հստակ ապացույց գոյություն չուներ։

Bloomberg-ի տեղեկություններով, ի դեպ, թուրք-ռուսական համաձայնության հետաքրքրական կողմերից է ոչ միայն դրա ժամանակագրությունն ու գաղտնիությունը, այլև գործարքում ներգրավված անձանց շրջանակը։

Թուրքական կողմից գործարքի գլխավոր շահառուն նախագահ Էրդողանի ամենամերձավոր գործարարներից մեկն է՝ Vakif Katilim բանկի և դեղագործական VisCoran ընկերության սեփականտեր Օզթյուրք Օրանը։

Ըստ Bloomberg-ի,1956 թվականին Կարսում ծնված Օրանն «Էրդողանի կողքին է նրա քաղաքական շարժման հիմնադրման առաջին օրերից»։

Պակաս ուշագրավ չէ նաև այս գործարքում ռուսական կողմից ներգրավված թիվ մեկ դերակատարի անձը․ Ռուսաստանի կառավարության անունից այս պայմանագիրը ստորագրել է պետական կարգավիճակ ունեցող «Ուղղակի ներդրումների հիմնադրամի» ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Ռուսաստանյան բաց աղբյուրների վկայությամբ, Դմիտրիևը վաղեմի ընկերական հարաբերություններ ունի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին փեսայի՝ Կիրիլ Շամալովի հետ։ Ավելին՝ Դմիտրիևի կինը Ռուսաստանի նախագահի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի տեղակալն է գիտական ծրագրերով զբաղվող «Իննոպրակտիկա» հիմնադրամում։

Փաստորեն ստացվում է, որ ռուսական արտադրության պատվաստանյութի՝ Թուրքիայի տարածքում արտադրության գործում ներգրավված են լինելու երկու պետությունների ղեկավարների հետ ուղղակի առնչություններ ունեցող գործարարները։ Իսկ այն, որ Sputnik-ի թուրքական արտոնագրված արտադրութունը կարող է բավական շահավետ լինել, գրեթե որևէ մեկը չի կասկածում։ Ըստ Bloomberg-ի, թուրքական կողմն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում սահմանափակվել զուտ ներքին պահանջարկի բավարարմամբ։

«Թուրքիայում արտադրվող պատվաստանյութի ընդհանուր ծավալը ավելին է լինելու, քան անհրաժեշտ է 83 միլիոն կազմող մշտական բնակչության և երկրի տարածքում գտնվող 5 միլիոն փախստականների համար», - գրում է Bloomberg-ը՝ ենթադրելով, որ արտադրանքի մի մասը արտահանվելու է երրորդ երկրներ։

Հավելենք, որ Մոսկվայում գտնվող Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտում ստեղծված Sputnik V պատվաստանյութի մեկ չափաբաժնի գինը շուրջ 10 ամերիկյան դոլար է։

Bloomberg-ի համոզամբ, Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները սխալ կլիներ զուտ ֆինանսական համարել և դրանցում, ըստ ամենայնի, մեծ է նաև քաղաքական բաղադրիչը։

«Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները սերտացրել են իրենց երկրների թե՛ քաղաքական, թե՛ առևտրային կապերը, ինչը մտահոգություններ է առաջացրել հատկապես Անկարայի արևմտյան դաշնակիցների շրջանում», - գրում է Bloomberg-ը։

Արևմուտքում, ըստ պարբերականի, կասկածներ կան, որ Անկարան չափից ավելի է մերձենում Մոսկվայի հետ, և դրա ամենավառ դրսևորումներից մեկը համարվում է ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։

Մոսկվայում, սակայն, Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները զուտ որպես փոխշահավետ տնտեսական գործարք են ներկայացնում։ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Bloomberg-ի հետ զրույցում կտրականապես հերքել է գործարքի քաղաքական կողմը՝ պնդելով, թե թուրքական ընկերությունների հետաքրքրությունն «աշխարհի լավագույն պատվաստանյութի հանդեպ ավելի քան օրինաչափ է»։

XS
SM
MD
LG