Մատչելիության հղումներ

Վերջին շաբաթներին փոխարժեքի կայունացում է նկատվում


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, արխիվ

Վերջին շաբաթներին փոխարժեքի կայունացում է նկատվում, դոլարի արժեքի տատանումը մինչև մեկ դրամի սահմաններում է, այսօր Հայաստանի բանկերում դոլար կարելի է ձեռք բերել 520 դրամով։ Երեք շաբաթ առաջ դոլարը թանկ էր ավելի քան 7 դրամով։

Դրամի կայունացման մասին է փաստում նաև տնտեսագետ, 1994-98 թվականներին Կենտրոնական բանկը ղեկավարած Բագրատ Ասատրյանը. «Այն վարքագիծը, որ դրսևորվեց արժութային շուկայում հանդարտվել է և դրա համար, այո, համեմատաբար կայունացել է և անգամ արժևորման մի որոշ դրսևորումն նկատվեց»:

Բագրատ Ասատրյանը հիշեցնում է՝ դրամի արժեզրկման հիմնական պատճառը բնակչության շրջանում առկա անհանգստությունն էր. «Ապագայի հանդեպ անորոշությունը, դժգոհությունը իշխանությունների և մասնավորապես կառավարության ոճի, գործելակերպի, գործողությունների նկատմամբ: Այս տիպի գործոններն էին աշխատում, որովհետև, որ նայում ես մակրոտնտեսական միջավայրին, երբ նայում ես, օրինակ, Կենտրոնական բանկի վարքագիծը, մասնավորապես, մոնետար՝ դրամավարկային քաղաքականության մասով, այստեղ ռիսկեր չկան»:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդեց տարադրամի թանկացումը. դրամն արժեզրկվեց, տնտեսագետները բացատրեցին՝ քաղաքացիներն իրենց խնայողությունները արտարժույթի՝ մասնավորապես դոլարի էին վերածում, ինչն էլ հանգեցրել էր դրամի արժեզրկմանը։

Կենտրոնական բանկը հունվարի 12-ին հայտնեց արտարժույթի շուկայում գործողություններ իրականացնելու նպատակադրության մասին, հենց այս հայտարարությունից հետո փոխարժեքի կայունացման միտում նկատվեց։ Ասատրյանի գնահատմամբ՝ տատանումներ, այդուհանդերձ, առաջիկայում կլինեն, սակայն, ըստ նրա ավելի շատ պետք է մտածել գնաճի հնարավոր դրսևորումների մասին։

«Անցած տարի դրանով հանդերձ մենք ունեցանք շատ ցածր գնաճ, իհարկե, հասկանալի է, որ այս տարի միայն անցած տարվա կուտակված բեռով մենք կունենանք գնաճի ավելի բարձր դրսևորումներ», - նշեց տնտեսագետը:

Այսօր «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիները բողոքեցին 2020-ի ավարտին ու այս տարեսկզբին նկատվող թանկացումներից։

2020-ի վերջին ամիսներին թանկացան առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր պարենային ապրանքները՝ ալյուրը, ձեթը, շաքարավազը և ներկրվող ապրանքները։ Թանկացումների պատճառներից մեկը հենց դրամի արժեզրկումն էր։ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3,7 տոկոս:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ դրամի կայունացումը կարող է ազդեցություն թողնել ներկրվող ապրանքների գների վրա, սակայն դա գնաճի միակ գործոնը չէ, Կենտրոնական բանկի նախկին նախագահն օրինակ է բերում ապրանքների միջազգային գները. «Խոսքը մասնավորապես այս հարցում մեր հիմնական գործընկերը, ներմուծող երկիրը Ռուսաստանն է, Ռուսաստանում այդ շուկաներում տեղի ունեցող իրադարձություններ, հացի շուկա, շաքարավազ, որոշիչ նշանակություն կարող են ունենալ պարենային ապրանքների վրա, յուղ, ձեթ: Միջազգային գները միջազգային շուկաներում էական իրադարձություններ անցած տարի տեղի են ունեցել բարձրացման ուղղությամբ, այս տարի կարող է նաև նվազում լինել, այսինքն միանշանակ պետք չէ գնահատել»:

Դրամը կարող է տատանվել, կարող է արժեզրկվել, սակայն դրան ապոկալիպտիկ բնութագիր չպետք է տալ, պնդում է Ասատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG