Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չի հայտնի


Աննա Դանիբեկյան, արխիվ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չի հայտնի․ քիչ առաջ նա հրապարակեց այդ որոշումը։

Նախորդ դատական նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Աննա Դանիբեկյանը ոչ միայն չի կարող անաչառ և անկողմնական քննություն իրականացնել, այլև այդպիսին երևալ։

Ալեքսանյանի հիմնավորմամբ՝ ամիսներ առաջ Արմեն Գևորգյանի կինը կորոնավիրուսով է վարակվել, դիմել են դատարան՝ հայտնելով, որ նախկին փոխվարչապետը նիստին չի կարող ներկայանալ, քանի որ կոնտակտավոր է՝ պահանջելով, որ կնոջ վարակված լինելու հանգամանքը դատարանը չհանրայնացնի։ Այդ պահանջը, ըստ Ալեքսանյանի, չի կատարվել, ուստի Աննա Դանիբեկյանը հանցագործություն է արել՝ բժշկական գաղտնիք հրապարակելով։

Ըստ փաստաբանի, Դանիբեկյանը չի կարող անկողմնակալ քննել գործը, քանի որ իր պաշտպանյալի ու նրա միջև առկա է վեճ․ Գևորգյանը դատավորին հանցագործության մեջ է մեղադրում։

Նշենք, որ մեկ տարուց ավելի քննվող այս գործը դեռ հիմնական դատաքննության փուլ չի մտել, քանի որ դատավորն անընդհատ քննել է փաստաբանների տարատեսակ միջնորդությունները։

Այս մարտին, հիշեցնենք, կլրանա 13 տարին, ինչ նախագահական ընտրություններից հետո մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության ու իշխանության բախումների ժամանակ զոհվեց 10 մարդ։ Նրանց մահվան հանգամանքները դեռևս բացահայտված չեն։

XS
SM
MD
LG