Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա է ձերբակալվել՝ կաշառառության կասկածանքով


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարության նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը՝ կաշառառության կասկածանքով, գործով նաև բերման են ենթարկվել շուրջ մեկ տասնյակ անձինք։

Հաղորդագրության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվել և հայտարարագրվել է 148 հազար 535 դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72 միլիոն 14 հազար 112 դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ներմուծված և փորձագետի կողմից անցած տարվա սեպտեմբերի 18-ի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420 միլիոն դրամը, որի արդյունքում պետությանը պակաս են հաշվարկվել և վճարվել առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ:

Դեպքի առթիվ 2020-ի սեպտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչությունում հարուցված և ԱԱԾ քննչական դեպարտամենտին փոխանցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն «ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է` տնտեսվարող կազմակերպության կողմից ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, մաքսազերծման ժամանակ քիչ մաքսատուրք վճարելու, պետական վերահսկողական ակտի տրամադրման նպատակով համապատասխան ստուգում չիրականացնելու և այդ պայմաններում հիշյալ ակտը տրամադրելու դիմաց 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո շահադիտական դրդումներով հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել իրավունք վերապահող` ադամանդյա քարերի ներկրման հայտարարագրի համապատասխանության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ պետական վերահսկողության ակտ, ինչը վերջինիս կողմից կատարվել է»:

Էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունքներ:

2021 թվականի հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն և ձերբակալվել:

Նույն օրը կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու կասկածանքով Քննչական դեպարտամենտ բերման են ենթարկվել նաև Հայաստանում գործունեություն իրականացնող տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG