Մատչելիության հղումներ

Վարչապետն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են հարաբերությունների զարգացման, տնտեսական համագործակցության հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, տեղի է ունեցել Փաշինյանի և Ժան-Բատիստ Լըմուանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

«Մեր երկրների միջև գոյություն ունի և ավանդաբար գոյություն է ունեցել բարձր մակարդակի և ջերմ երկխոսություն, և ես ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել պատերազմի առաջին իսկ օրվանից նախագահ Մակրոնի, արտգործնախարար Լը Դրիանի ցուցաբերած անձնական ներգրավվածության համար: Իհարկե, մենք շատ ծանր պատերազմի միջով ենք անցել, շատ ծանր ապրումներ ունենք այդ ամենի կապակցությամբ, մեծ թվով զոհեր ենք ունեցել, և շատ բարդ իրադրություն է գոյացել: Եվ այս այցը շատ կարևոր է առկա մարտահրավերներին դիմակայելու և նաև ստեղծված հնարավորություններն օգտագործելու առումով: Մեր քննարկումները և օրակարգը նաև տնտեսական, մարդասիրական ասպեկտներ ունեն, և խնդրում եմ իմ երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ մեր խոսակցության և պայմանավորվածությունների այսպիսի արագ արձագանքի համար», - ասել է վարչապետը։

Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ֆրանսիայի գանձապետարանից, Զարգացման ֆրանսիական գործակալությունից, և այցը շարունակությունն է Հայաստանի վարչապետի՝ Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած համաձայնության և քննարկումների:

«Մեր նախագահի համար շատ կարևոր էր կարողանալ հնարավորինս արագ արձագանքել ձեր կարիքներից յուրաքանչյուրին: Դեկտեմբերին խոսքը հրատապության մասին էր, և դրանով էր պայմանավորված բարեգործական օժանդակություն տրամադրող մի քանի ինքնաթիռների ժամանումը Հայաստան, որոնք մի քանի տոննա բեռ փոխադրեցին շնորհիվ տարբեր բարեգործական ասոցիացիաների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միացյալ ջանքերի, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության մասին: Հրատապությունից հետո այժմ, ինչպես Դուք նշեցիք, կարևորվում են նաև տնտեսական ծրագրերը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, և այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մի շաբաթ ի վեր ինտենսիվ հանդիպումներ են ունենում ճյուղային գերատեսչություններում», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական գործընկերության օրակարգին:

Կողմերը հեռանկարային են համարել տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային նորարարությունների, հանրային հատվածի թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման ուղղությամբ փոխգործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև կրթական համագործակցության ընդլայնման մասին։ Մտքեր են փոխանակվել ակադեմիական ավանի հեռանկարների շուրջ:

Նշենք, որ Ժան Բատիստ Լըմուանն Երևան է ժամանել երեկ՝ Բաքվից։ Նա Հայաստանում է երկօրյա աշխատանքային այցով:

XS
SM
MD
LG