Մատչելիության հղումներ

Ապստամբելու իրավունքի շուրջ մասնագետների կարծիքները տարբեր են


«Եթե սահմանադրական ճանապարհը արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել։ Ու դա ժողովրդի բնական իրավունքն է», - երեկ Արարատում հայտարարել էր Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ ապստամբության, շենքեր գրավելու մասին երեկ արած հայտարարությունն ուսումնասիրվում է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել։ Այս պահին ուսումնասիրությունների փուլում ենք գտնվում», - հավելեց նա։

Հարցին, թե արդյոք Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն, Ֆիդանյանը պատասխանեց՝ կհրավիրվի, եթե լինի դրա անհրաժեշտությունը․ - «Անհրաժեշտ բոլոր գործողությունները մեր կողմից, վստահեցնում եմ, որ կկատարվեն»։

Ոստիկանապետի տեղակալն այժմ չի կարող ասել, թե արդյոք Մանուկյանի հայտարարությունը հանցավոր տարրեր պարունակում է թե ոչ։ Իսկ եթե հետագայում լինեն ապստամբության, կառավարական շենքեր գրավելու բուն կոչեր՝ ոստիկանությունը կտա դրա քրեաիրավական գնահատականը։

Գլխավոր դատախազությունը Վազգեն Մանուկյանի հայտարարությունների տեսանյութը ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հանգամանքները ստուգելու համար։

Կապվեցինք Վազգեն Մանուկյանի խոսնակի հետ, նա փոխանցեց, որ Մանուկյանը նպատակահարմար չի գտնում արձագանքել իրավապահների գործողություններին։

Վազգեն Մանուկյանի աջակիցները հատուկ նշանակության օբյեկտ մտել էին մոտ 25 տարի առաջ՝ վիճահարույց նախագահական ընտրություններից հետո։ 1996-ի սեպտեմբերին ընդդիմության լիդեր, նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով պարտված Մանուկյանին սատարողները հանրավահաքներ էին անում՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Հանրահավաքներից մեկից հետո հազարավոր ցուցարարներ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ այն ժամանակ գտնվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մանուկյանը մտավ շենք, ինչից որոշ ժամանակ անց նրա աջակիցները ներխուժեցին շենք, անկարգություններ եղան։

Հայաստանում զինված ապստամբության փորձ եղավ 2016 թվականին. «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը և ոստիկանների պատանդ վերցրեցին։ Այս իրադարձությունների հետևանքով 3 ոստիկան զոհվեց։ Նրանք իրենց գործողությունները արդարացնելիս պնդում էին, թե օգտվել են իշխանության դեմ ապստամբելու իրավունքից։

Ունե՞ն մարդիկ ապստամբելու իրավունք, թե՞ ոչ. այս հարցում մասնագետների կարծիքները տարբեր են։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ, եթե ժողովրդի իշխանությունը բռնազավթված է, ապա ապստամբությունն այն վերադարձնելու միակ ճանապարհն է․ - «Որևէ իրավունքի խախտում չկա, որևէ անօրինական բան չկա այդ հայտարարության մեջ»։

Այվազյանի պնդմամբ՝ այն, որ ապստամբելու իրավունքի մասին խոսք չկա Հայաստանի սահմանադրության մեջ, հենց Սահմանադրության թերությունն է․ - «Սահմանադրության մեջ շատ բաներ գրված չեն, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդն էդ իրավունքը չունի։ Ասենք, Սահմանադրության մեջ ամրագրված չէ՝ յուրաքանչյուր ոք ունի շնչելու իրավունք։ Բայց դա չի նշանակում, որ եթե ամրագրված չէ, մենք շնչելու իրավունք չունենք»։

Սահմանադրագետն ընդգծում է, որ բռնությունն ամեն պարագայում հակաօրինական արարք է, իսկ ապստամբությունը, ըստ նրա, հարկադրանքի միջոցով է տեղի ունենում, այլ ոչ բռնության։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հակառակ տեսակետն ունի։ Նրա խոսքով՝ ապստամբությունը որպես իրավունք ներկայացված չէ իրավական փաստաթղթերում․ - «Չեք գտնի ոչ մի իրավական փաստաթղթում՝ միջազգային փաստաթղթերում կամ պետությունների ներպետական իրավունքում, եթե իրենք Եվրոպայի խորհրդի անդամ են, ապստամբության իրավունք հասկացությունը, այնպես ինչպես, օրինակ, արտահայտվելու ազատության իրավունք, կամ հավաքների իրավունք»։

Ղազարյանի կարծիքով, ապստամբությունը երբեմն շփոթում են իշխանափոխության, ժողովրդական կառավարման հետ, որը ենթադրում է իշխանության փոփոխությունը օրենքի գերակայության հիման վրա․ - «Ժողովրդավարական կառավարում հասկացությունը, որը իրավունք է տալիս փոխել իշխանություններին՝ եթե նրանք հանրային իշխանությունը պատշաճ կերպով չեն ապահովում, բայց փոխել՝ օրենքի գերակայության հիման վրա ապահովելով մարդու իրավունքները։ Այ էս կոնցեպտը Եվրախորհրդի հիմքում է ընկած»։

XS
SM
MD
LG