Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Հունաստանը 3 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքում


Ֆրանսիական Rafale կործանիչներ ավիակրի վրա, արխիվ

Հունաստանը շուրջ 3 միլիարդ ամերիկյան դոլար կվճարի Ֆրանսիային՝ չորրորդ սերնդի Rafale մակնիշի բազմաֆուկցիոնալ 18 կործանիչների համար։ Մեծածավալ գործարքի շուրջ վերջնական համաձայնագիրը կողմերը կնքեցին նախօրեին՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Հունաստան կատարած այցի ընթացքում։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հունաստանը ֆրանսիական Dassault ավիաշինական ընկերությունից կգնի 6 նոր արտադրված, ինչպես նաև 12 արդեն իսկ օգտագործված ռազմական օդանավ։

Reuters-ի աղբյուրները պնդում են, որ Ֆրանսիայից ձեռք բերված բոլոր Rafale-ները Հունաստանում կլինեն արդեն հուլիսին։ Աթենքում համոզված են՝ մեծածավալ այս գործարքն անհնարին կլիներ, եթե տարիների ընթացքում Ֆրանսիայի և Հունաստանի միջև իրապես դաշնակցային հարաբերություններ չձևավորվեին։

«Հենց Rafale մակնիշի օդանավեր գնելու մեր որոշումը ևս մեկ անգամ ընդգծեց Հունաստանի և Ֆրանսիայի համագործակցության ռազմավարական բնույթը և այն աներկբա աջակցությունը, որ ցուցաբերում է մեզ Ֆրանսիան ցանկացած մարտահրավերի կամ սպառնալիքի դեպքում։ Դա նաև մեկ անգամ ևս հաստատում է այն ավանդույթի առկայությունը, որի վրա հիմնված են մեր երկրների միջև ձևավորված բացառիկ հարաբերությունները։ Դրանք, ի դեպ, արտահայտվում են ոչ միայն երկկողմ հարաբերությունների տեսքով, այլև այն համագործակցությամբ, որ ծավալվում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում», - երեկ հայտարարում էր Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը։

Նախարարի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա դրական մթնոլորտի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դեռ երբեք այս ծավալի ռազմատեխնիկական գործարքը չի համաձայնեցվել և կնքվել նման սեղմ ժամկետներում։

«Հունաստանը առաջին եվրոպական պետությունն է, որ ձեռք է բերում տեխնոլոգիական լուրջ կարողություններով օժտված այս կործանիչները, որոնց արդյունավետությունն ապացուցվել է իրական մարտական գործողությունների ընթացքում։ Ես ողջունում եմ Հունաստանի այս ընտրությունը, որը ես կարող եմ բնութագրել որպես եվրոպակենտրոն որոշում», - երկկողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին։

Մինչ օրս Rafale մակնիշի կործանիչները ֆրանսիական բանակից բացի կիրառում են միայն Հնդկաստանի, Կատարի և Եգիպտոսի զինված ուժերը։

Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա ֆրանսիական օդանավերի ձեռքբերումը այդ երկրի զինված ուժերի վերազինման լայնածավալ ծրագրի միայն մի մասն է։ Հունական աղբյուրների տեղեկություններով՝ առաջիկայում Ֆրանսիան Հունաստանին կվաճառի նաև Belharra տեսակի 4 բազմաֆունկցիոնալ ռազմանավ։

Ուշագրավ է, ի դեպ, որ դրանք կկառուցվեն հենց Հունաստանի տարածքում գործող նավաշինական գործարաններում՝ հարյուրավոր հույն բանվորների համար կայուն աշխատանք ապահովելով։

Հունական բանակի վերազինումը, սակայն, այսքանով չի սահմանափակվի։ Առաջիկայում Աթենքը պատրաստվում է նաև նոր անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ գնել, ինչպես նաև արդիականացնել արդեն իսկ իր զինանոցում գտնվող ամերիկյան F-16 կործանիչները։ Դրան էլ գումարած՝ առաջիկա չորս տարիներին Հունաստանի զինված ուժերի անձնակազմը կմեծացվի 15 հազար զինվորականով, ծառայողների մի մասն էլ համատեղ վարժանքների կուղարկվի Իսրայել։

Աթենքում չեն թաքցնում, որ այս բոլոր քայլերի միակ նպատակը Թուրքիայի կողմից Էգեյան և Միջերկրական ծովերում իրականացվող նախահարձակ գործողությունների զսպումն է։

Եվ թերևս պատահական չէ, որ ռազմական ինքնաթիռների ձեռքբերման մասին հույն-ֆրանսիական համաձայնագիրը կնքվեց այն նույն ժամերին, երբ Ստամբուլում, քառամյա դադարից հետո մեկնարկել էին թուրքական և հունական պատվիրակությունների բանակցությունները։

Եվրամիության և հատկապես Գերմանիայի ակտիվ ջանքերի շնորհիվ կազմակերպված այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված որևէ էական արդյունքի մասին առայժմ հայտնի չէ։

Հանդիպման միակ առարկայական արդյունքն այն էր, որ կողմերը պայմանավորվեցին շարունակել դրանք՝ բանակցությունների հաջորդ՝ 62-րդ փուլն անցկացնելով Հունաստանի մայրաքաղաքում։ Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում կարճ մի գրառում արեց, որում պնդում էր, թե «քաղաքական կամքի առկայության պարագայում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա բոլոր տարաձայնությունները, այդ թվում Էգեյան ծովին վերաբերող խնդիրները հնարավոր է լուծել»։

Բանակցությունների ավարտից հաշվված ժամեր անց դրանց անցկացումը ողջունեցին նաև Եվրամիությունը և Միացյալ Նահանգների նոր վարչակազմը։ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, մասնավորաբար, թվիթերյան գրառմամբ ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է այն բոլոր ջանքերին, որոնց նպատակը Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության թուլացումն է։

XS
SM
MD
LG