Մատչելիության հղումներ

Թուրքիան դեռ հույս ունի մի օր Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն ստանալ


Թուրքիայի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի ու Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը, Անկարա, 8-ը դեկտեմբերի, 2020թ․
Թուրքիայի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի ու Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը, Անկարա, 8-ը դեկտեմբերի, 2020թ․

Չնայած Եվրամիության հետ հարաբերություններում առկա խոր ճգնաժամին՝ Անկարայում դեռ հույս ունեն, որ Թուրքիան մի օր ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն կստանա։

Եվրոպական ընտանիքի հետ կապերի սերտացման անհրաժեշտության մասին նախօրեին խոսում էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Դատելով, սակայն, Անկարայից հնչող հայտարարություններից՝ թուրքական իշխանությունները լավ են հասկանում, որ Եվրամիության հետ մերձեցումը մոտ ապագայի հեռանկար չէ։ Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այս փուլում նախ և առաջ հարկավոր է հանգուցալուծել Միջերկրական ծովի արևելյան, էներգակիրներով հարուստ հատվածի շուրջ առկա ճգնաժամը, որը, սկիզբ առնելով որպես մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Հունաստանի և Կիպրոսի միջև առկա տարածքային վեճ, ի վերջո վերաճեց ԵՄ-Անկարա դիվանագիտական հակամարտության։

«Եթե Եվրամիությունն առաջնորդվում է ռազմավարական նպատակահարմարությամբ և բանականությամբ, ապա ոչ միայն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում, այլև մշտապես պետք է ազնիվ և պարկեշտ դիրքորոշում որդեգրի։ Երբ մեր հարաբերություններում դրական մթնոլորտ ձևավորվի, մենք ի վիճակի կլինենք շոշափելի արդյունքների հասնել՝ բարելավելով մեր հարաբերությունները։ Եվրամիությունն ու Թուրքիան ծագած խնդիրները կարող են լուծել բացառապես երկխոսության և դիվանագիտության միջոցով», - նշում էր Թուրքիայի արտգործնախարարը Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ երեքշաբթի օրը Անկարայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Ուշագրավ է, ի դեպ, որ Սիյարտոն Անկարա էր ժամանել Բրյուսելից՝ Թուրքիայի դեմ համաեվրոպական պատժամիջոցների կիրառման շուրջ դռնփակ քննարկումների ավարտից անմիջապես հետո։

Եվրոպական մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Բուդապեշտն այժմ ԵՄ կազմում Թուրքիայի գլխավոր դաշնակիցներից մեկն է և եվրոպական բոլոր հավաքների ընթացքում հետևողականորեն դեմ է արտահայտվում Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարին։

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հիմնական նախաձեռնողներն են Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան։ Դիվանագիտական շրջանակների տեղեկություններով՝ այս հարցում նրանց են ընդդիմանում ոչ միայն Հունգարիան, այլև անհամեմատ ավելի ազդեցիկ այնպիսի պետություններ, ինչպիսին են Գերմանիան, Իսպանիան և Իտալիան։

ԵՄ-ում առկա նման տարաձայնությունների ֆոնին Թուրքիայի արտգործնախարարը համոզված է՝ Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում առկա խորը հակասությունները հնարավոր կլինի կարգավորել նախ և առաջ իր երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում։

«Ես սա չեմ ասում, որովհետև առջևում ԵՄ գագաթնաժողովն է և այնտեղ պատժամիջոցների հարցն է քննարկվելու», - հայտարարում էր Թուրքիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցով ԵՄ գագաթնաժողովը մեկնարկելու է վաղը: Արևմտյան աղբյուրների գնահատմամբ՝ առավել հավանական է ոչ շատ խիստ, հասցեական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, կամ նույնիսկ դրանց սահմանման մասին սկզբունքային որոշման կայացումն առանց հստակ քայլեր ձեռնարկելու։

Հունաստանն ու Կիպրոսը, մինչդեռ, պահանջում են, որպեսզի ԵՄ անդամ երկրները Թուրքիային սպառազինության մատակարարման ամբողջական էմբարգո սահմանեն։

Դաշինքում, սակայն, նման հեռանկարը գրեթե զրոյական են անվանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիային զենք մատակարարող պետությունների մեծ մասը հենց եվրոպական են։ Այսպես՝ Գերմանիան միայն 2019 թվականին Թուրքիային շուրջ 400 միլիոն եվրոյի սպառազինություն է մատակարարել։

XS
SM
MD
LG