Մատչելիության հղումներ

Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված, հայտնում է ՄԻՊ-ը


Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Սա դասական օրինակ է, թե ինչպես կառավարության տարբեր մարմինների կողմից հարցն իրար վրա գցելու, դատական քաշքշուկների ներքո պատսպարվելու ու հարցի լուծման օրենսդրական հիմքեր այդպես էլ չապահովելու արդյունքում մարդիկ տարիներ շարունակ զրկված են աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից, ասել է Պաշտպանը՝ նշելով՝ օդաչուների գործը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առաջին անգամ մուտքագրվել է 2006 թվականին, այսինքն՝ 15 տարի առաջ:

Այս տարիների ընթացքում, ըստ Թաթոյանի, մարդու իրավունքների պաշտպանները տասնյակներով գրություններ են հասցեագրել պետական համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ օրենսդրական ուսումնասիրություններով և հարցի լուծման առաջարկներով, կազմակերպել կամ նախաձեռնել են քննարկումներ: Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում և հաղորդումներում:

Ըստ Պաշտպանի, 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից:

ՄԻՊ-ը նշում է, որ ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը:

«Մինչդեռ, տարիներ շարունակ նախագծի ընդունման չհիմնավորված ձգձգումներն ապացուցում են, որ կառավարությունները չեն գործադրել և շարունակում են չգործադրել հետևողական ջանքեր մարդկանց իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր, հայտնում է պաշտպանը՝ շարունակելով՝ այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենադրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ և խնդրի լուծման կոնկրետ քայլեր մինչ օրս չեն ներկայացվել։

«Փաստորեն, ստացվել է այնպես, որ թեև պատկան մարմիններից որևէ մեկը չի ժխտում, որ առկա է խնդիր, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ մարդու իրավունքը՝ չվերականգնված: Հաշվի չի առնվում նաև հաշմանդամություն ստացած օդաչուների տարիքային ու առողջական վիճակը, կյանքի տևողությունը, որը միայն պետք է նպաստեր այդ հարցի հրատապ ու նրանց համար հարցի հնարավորինս նպաստավոր լուծմանը, այլ ոչ թե քաշքշուկներով մատնվեր տարիների անթույլատրելի մոռացության», - եզրափակել է Պաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG