Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Գրոյսմանի, Դանիլովի ու Ավակովի նկատմամբ


Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակով, արխիվ
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակով, արխիվ

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովի և ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի նկատմամբ։

Բացի այդ, հայտեր կան Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինի և տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցի դեմ։

Գրոյսմանը և Կլիմկինը հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածներով։ Թե կոնկրետ ինչ հոդվածների մասին է խոսքը, ՆԳՆ-ն չի հստակեցնում։

Ապրիլին Ռուսաստանի քննչական կոմիտեն նրանց, ինչպես նաև Շտեցին մեղադրանք էր առաջադրել Դոնբասում հրետակոծություն և այլ հանցագործություններ կատարելու համար։

«Ռոսֆինմոնիտորինգի» կողմից ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում ընդգրկված Դանիլովն ու Ավակովը նույնպես հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածով։ Սակայն այս դեպքում ևս հոդվածները չեն նշվում։

Ի պատասխան Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է․ - «Օգտվելով առիթից՝ հիշեցնում ենք, որ, ի տարբերություն ռուսական անարժեք հայտարարությունների, Միջազգային քրեական դատարանի կողմից ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալելու հրամանը միանգամայն իրական է և ենթակա է կատարման աշխարհի 123 երկրների կողմից»:

2023-ի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տվեց։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկինի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Միխայիլ Կովալի նկատմամբ։

XS
SM
MD
LG