Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռանում է Սպիտակ տնից, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2021թ.

ԱՄՆ Սենատում նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի երեք շաբաթ անց՝ փետրվարի 8-ին, այն բանից հետո, երբ գալիք երկուշաբթի՝ հունվարի 25-ին Ներկայացուցիչների տունը պաշտոնապես մեղադրական եզրակացությունը կփոխանցի Սենատին:

Այդ մասին երեկ ասել է Սենատում դեմոկրատների մեծամասնության ղեկավար Չաք Շումերը:

Նրա փոխանցմամբ, մինչ դատավարությունը տեղի կունենա դեմոկրատական նորընտիր նախագահ Ջո Բայդենի կառավարության առանցքային պաշտոնյաների հաստատումն, իսկ այդ ժամանակաշրջանում Ներկայացուցիչների տան կողմից դատավարության ընթացքում մեղադրողներ հանդիսացող օրենսդիրները և Թրամփի պաշտպանների թիմը կստանան բոլոր նյութերն ուսումնասիրելու և դատավարությանը պատրաստվելու հնարավորություն:

«Մենք լավ առաջընթաց ենք ապահովել Թրամփի իմփիչմենթի դատավարության ժամանակացույցի և ընթացակարգի վերաբերյալ, Ներկայացուցիչների տան կողմից հունվարի 25-ին սենատորներին կփոխանցեն մեղադրող կողմի փաստարկները: Հունվարի 26-ից սկսած մեղադրողներն ու պաշտպանները կսկսեն ուսումնասիրել նյութերը»,- ասել է Չաք Շումերը:

Նախկին նախագահ Թրամփը մեղադրվում է հունվարի 6-ին զանգվածային անկարգություններ հրահրելու համար: Անկարգությունների մասնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք, բախումների ընթացքում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, կան տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ:

Դոնալդ Թրամփը դատապարտել է հարձակումը և պնդել, թե որևէ առնչություն չունի դրա հետ: Հունվարի 13-ին Ներկայացուցիչների տունը Թրամփին քվեարկությամբ ենթարկել է իմփիչմենթի: Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում առաջին նախագահն, ով պաշտոնավարման ընթացքում երկու անգամ է իմփիչմենթի ենթարկվել:

Նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններից հետո նա չի շնորհավորել Ջո Բայդենին, սակայն հունվարի 20-ին հեռանալով Սպիտակ տնից՝ հաջողություն է մաղթել նոր ադմինիստրացիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG