Մատչելիության հղումներ

«Համախմբել Ամերիկան, միավորել մեր ժողովրդին»․ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց պաշտոնը


ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը և տիկին Ջիլ Բայդենը Սպիտակ տան պատշգամբից դիտում են տոնական հրավառությունը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2021թ․

Չորեքշաբթի օրը երդմնակալության արարողությամբ ստանձնելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը՝ Ջո Բայդենը հայտարարեց․ - «Սա Ամերիկայի օրն է, սա ժողովրդավարության օրն է, պատմության և հույսի օր»։

«Դարերի խառնարանների միջով Ամերիկան նորից փորձության ենթարկվեց, և Ամերիկան ընդունեց մարտահրավերը։ Այսօր մենք նշում ենք ոչ թե թեկնածուի հաղթանակը, այլ գործի՝ ժողովրդավարության գործի հաղթանակը», - ասաց ԱՄՆ 46-րդ նախագահը՝ շարունակելով․ - «Ժողովուրդը, ժողովրդի կամքը լսվեց, և ժողովրդի կամքը հաշվի առնվեց»։

«Մենք կրկին գիտակցեցինք, որ ժողովրդավարությունը թանկ է, ժողովրդավարությունը փխրուն է։ Այս ժամին, բարեկամներ, ժողովրդավարությունը հաղթանակել է», - Կապիտոլիումում անցկացված պաշտոնամուտի արարողությանը հայտարարում էր դեմոկրատ Ջո Բայդենը, ով համառ պայքարում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփին։

Վերջինս այդպես էլ չընդունեց իր պարտությունը, չշնորհավորեց նորընտիր նախագահին։

Բայդենը իր ելույթում իսկույն գործելու կոչ արեց․ - «Մենք պետք է արագ և առանց հապաղելու առաջ շարժվենք։ Այս ձմռան ընթացքում մենք պետք է շատ բան անենք՝ շատ բան պետք է ուղղել, վերանորոգել, վերականգնել, կառուցել, բուժել և շատ բանի հասնել», - ասել է նախագահը՝ նշելով, որ ԱՄՆ-ի պատմության ընթացքում քչերն են նման մարտահրավերների և դժվարին ժամանակի հանդիպել, ինչպես հիմա է։

Ջո Բայդենը վերհիշել և մեջբերել է Միացյալ Նահանգների ամենահայտնի նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի խոսքերը, ով 1863 թվականի հունվարի 1-ին ստորագրել է ստրուկներին ազատություն շնորհող հռչակագիրը։ «Երբ գրիչը դրել է թղթի վրա, նախագահն ասել է․ - «Եթե իմ անունը երբևէ մնա պատմության մեջ, դա կլինի այս գործողության շնորհիվ, և իմ ամբողջ ոգին սրա մեջ է»։ Իմ ամբողջ ոգին սրա մեջ է», - շարունակել է Բայդենը, - «Հունվարյան այս օրով իմ ամբողջ ոգին այստեղ է՝ համախմբել Ամերիկան, միավորել մեր ժողովրդին, և ես խնդրում եմ յուրաքանչյուր ամերիկացուն միանալ ինձ այդ գործում»։

ԱՄՆ 46-րդ նախագահը կոչ է արել լսել միմյանց, տեսնել միմյանց, հարգել միմյանց, վերջ տալ «անքաղաքակիրթ պատերազմին», նորից սկսել։ «Ամերիկան երբեք չի ձախողվել, երբ միասնական է եղել», - հայտարարել է Բայդենը։

Միացյալ Նահանգների պատմության մեջ Ջո Բայդենը ամենամեծահասակ նախագահն է՝ նա պաշտոնը ստանձնեց 78 տարեկան հասակում։

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում, որի հետևանքով ԱՄՆ-ում ավելի քան 400 հազար մարդ է մահացել, 46-րդ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվեց նախորդների համեմատ սահմանափակ թվով հյուրերով, շատ քիչ ժողովրդով։

Երեք նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման, դեմոկրատների քաղաքական հակառակորդ հանրապետականների բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Սենատում և Ներկայացուցիչների տանը հանրապետականների առաջնորդները ներկա էին Բայդենի երդմնակալության արարողությանը՝ բացի նախկին նախագահ Դոնալդ Թրամփից։ Արարողությունից ժամեր առաջ նա հեռացել էր Վաշինգտոնից՝ մեկնելով Ֆլորիդայի իր առանձնատունը։ Նման քայլը Ամերիկայի քաղաքական ավանդույթի խախտում է։ Հեռացող նախագահը վերջին անգամ ներկա չէր գտնվել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը 1869 թվականին։

Կապիտոլիումի արարողություններից, Սենատի և Ներկայացուցիչների տան առաջնորդների ելույթներից հետո Ջո Բայդենը ուղևորվեց Արլինգթոնի զինվորական գերեզմանատուն, այնուհետև՝ դեպի Սպիտակ տուն։

XS
SM
MD
LG