Մատչելիության հղումներ

Վրաստանում հաղթանակ են համարում ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ Եվրադատարանի վճիռը


Վրաստան - Ռուսաստանցի զինծառայողները փակել են ճանապարհը Գորիի մերձակայքում, օգոստոս, 2008թ․

Մոտ 12 տարի տևած դատական գործընթացից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ իր վճիռը։ Դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդու իրավունքների մի շարք խախտումներ է կատարել Վրաստանի դեմ պատերազմում։ Ռուսաստանը մեղադրվում է խոշտանգումներ իրականացնելու, կյանքի, ազատ տեղաշարժի իրավունքները խախտելու, մարդկանց սեփական տները վերադառնալու իրավունքից զրկելու մեջ։

Ստրասբուրգի դատարանը հրաժարվել է գնահատական տալ հինգ օր տևած պատերազմի ակտիվ գործողությունների շրջանին, սակայն դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի իրավասության համատեքստում է դիտարկել՝ համարելով, որ Դաշնությունը վերահսկողություն ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ։

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ վրացի գերիները պատերազմի ընթացքում անարդարացիորեն կալանքների են ենթարկվել, և նրանց զոհի կարգավիճակ է շնորհել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի այս վճիռը «ողջ Վրաստանի հաղթանակն է»։

«Վրաստանը ճանաչվել է որպես պատերազմի զոհը, և սա մեծ ձեռքբերում է մեր երկրի, մեր հասարակության, մեր պատմության և ապագայի համար», - հայտարարել է Զուրաբիշվիլին։ Նա նաև հավելել է՝ սա հիմք է, որով Վրաստանի հասարակությունը պետք է կառուցի իր ապագան և միասնականությունը։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան էլ ասել է, թե այս որոշումը երկրի «դեօկուպացիայի համար» պայքարի հիմք է, և խոստացել է «դեօկուպացիայի նոր նախագիծ» ներկայացնել մոտ ապագայում։

Ռուսական կողմը համաձայն չէ ՄԻԵԴ-ի այն պնդումներին, թե Ռուսաստանը պատասխանատվություն է կրում 2008-ի օգոստոսի 12-ից հետո Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղի ունեցած միջադեպերի համար։ ՌԴ արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուս զինծառայողների անմիջական մասնակցությունն այդ գործողություններում չի հաստատվել։

Վրաստանը Մարդու իրավունքների դատարան դիմել էր 2008 թվականին՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Օգոստոսի 8-12-ը տևած պատերազմն ավարտվեց այդ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի երկու շրջաններում՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում ռուսական զորքերի տեղակայմամբ։ Այնուհետև Ռուսաստանը հայտարարեց այս շրջանների անկախության ճանաչման մասին։ Վրաստանը շարունակում է դրանք համարել հարևան պետության կողմից օկուպացված տարածքներ։

Հիշեցնենք, այս շաբաթ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ մոտ ժամանակներս Հայաստանը ևս պատրաստվում է Եվրադատարան գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ։ Կիրակոսյանի խոսքով՝ դիմումը վերաբերում է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքների խախտմանը, տեղահանված անձանց իրավունքներին, ինչպես նաև վնասված գույքի վերաբերյալ պահանջներին։

XS
SM
MD
LG