Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը քննության ընդունեց Ղրիմում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել բռնակցված Ղրմիում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի։ Այդ մասին հունվարի 14-ի նիստում պաշտոնապես հայտարարեց դատարանի նախագահ Ռոբերտ Սփանոն։

Հայցն ընդունվելուց ժամեր անց Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան Կիևում մամուլի ասուլիս է տվել և հայտարարել, թե դա իհարկե Ուկրաինայի հաղթանակն է։ «Սա կարևոր քայլ է՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, և յուրաքանչյուր քայլով այդ պատասխանատվության գինը բարձրանալու է», - ասել է նա։

Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն Associated Press-ին տված մեկնաբանությունում նշել է, որ Ռուսաստանը չի ճանաչի Ղրիմը բռնակցելու փաստը։ «Կճանաչի՞ արդյոք Ռուսաստանը Ղրիմի բռնազավթումը՝ իհարկե ոչ։ Մենք պետք է իրատես լինենք։ Քաղաքական տեսակետից Ռուսաստանը դժվար թե ընդունի այդ փաստը և Ղրիմը վերադարձնի Ուկրաինային։ Դժբախտաբար՝ ոչ։ Բայց պատմությունը վկայում է, որ քաղաքական ու միջազգային-իրավական նման հակամարտությունները երկարաժամկետ են, և մեզ համար կարևոր է, որ այնտեղ արդեն ծանրակշիռ աղյուս դրվեց, որ այդ վեճում ճիշտը Ուկրաինան է, այլ ոչ թե Ռուսաստանը», - ասել է Ֆեսենկոն։

Associated Press-ը Կիևում զրուցել է նաև իրավապաշտպան Թամիլա Տաշևայի հետ, ով ասել է, թե Ղրիմում մարդու իրավունքների խախտումների գերակշիռ մասը կատարվում է բնիկների նկատմամբ, թերակղզու ուկրաինական էթնիկ համայնքի դեմ։ Քաղբանտարկյալների մեծ մամը Ղրիմի թաթարներ են, անհետ կորածների մեծ մասը նույնպես Ղրիմի թաթարներ են, ասել է նա, նշելով որ ինքը չի կարող տեսնել իր ընտանիքի անդամներին, քանի դեռ Ղրիմը չի դեօկուպացվել, չի կարող այնտեղ գնալ։ Նրա կարծիքով՝ Եվրոպական դատարանի նման որոշումները մոտեցնում են Ղրիմի վերադարձը Ուկրաինային։

Եվրադատարանը քննելու է Ուկրաինայի հայցում ներկայացված բողոքների մեծ մասը, բայց մերժել է ընդունել Ղրիմում խաղաղ քաղաքացիների սպանությունների և արտասահմանցի լրագրողներին բռնաճնշումների ենթարկելու մեղադրանքները Ռուսաստանի դեմ՝ գտնելով, որ դրանց հետ կապված չի կարելի խոսել ռուսական վարչակազմի կողմից ընդունված կամ հաստատված պրակտիկայի մասին։

Ռուսաստանի կողմից Ղրիմում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներով Ուկրաինան ՄԻԵԴ էր դիմել սկսած 2014 թվականից, հետագայում բողոքներն ավելացել են, և 2018-ին բոլոր բողոքները միավորվել են մեկ գործի մեջ, որը քննելու է դատարանի Մեծ պալատը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Ղրիմը Ռուսաստանին կցելու օրինականության հարցը չի քննելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG