Մատչելիության հղումներ

Իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների՝ պայմանով, որ խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի թեկնածու չառաջադրի․ Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան («Իմ քայլը»)
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան («Իմ քայլը»)

Իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, եթե խորհրդարանական ընդդիմության հետ հնարավոր լինի հասնել համաձայնության, որ վարչապետի հրաժարականի դեպքում նոր թեկնածու չեն առաջադրի, որպեսզի գործընթացը գնա նոր ընտրության, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։

Գործող Ազգային ժողովը կարձակվի, եթե Փաշինյանը հրաժարական տա, խորհրդարանն էլ երկու անգամ չընտրի վարչապետ. «Որ վստահ լինենք, որ պրոցեսը բերելու է նոր ընտրությունների, այսինքն` ժողովուրդն է կրկին որոշում կայացնելու, այլ ոչ թե այս դահլիճում փորձելու են տարբեր ձևերով մեկ այլ թեկնածու»:

Սիմոնյանը չբացառեց, որ ընդդիմադիրների հետ կոնսենսուսի չհասնելու դեպքում արտահերթ ընտրություններ ընդհանրապես չլինեն․ - «Եթե ընդդիմությունը ի վիճակի չէ, գիտակցում է, որ չի կարող մասնակցել, ինչի՞ պետք ա մենք ընտրություններ անենք»։

«Բարգավաճ Հայաստանի»-ի մի քանի պատգամավորներ այսօր հրաժարվեցին հարցազրույցից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունները պարզ շանտաժ որակեց՝ ասելով, որ եթե չուզեն գնալ ընտրությունների, կարող են բոլորի, այդ թվում ընդդիմության վրա գցել մեղքը․ - «Իրենք ի՞նչ են ասում։ Հարգելի ընդդիմություն, դուք էլ գիտեք, մենք էլ գիտենք, որ երկրում ճգնաժամ է, ճգնաժամի լուծման մի քանի տարբերակ կա, որոնցից մեկը իրենք տեսնում են Փաշինյանի հրաժարական և նոր ընտրություններ։ Մենք դա չենք տեսնում որպես ճգնաժամի լուծում։ Եվ նրանք հիմա ասում են՝ մենք կմնանք, երկիրը վարի կտանք, կավիրենք ինչ էլ մնացել է, բայց մեղավորը ընդդիմությունն է, որովհետև չի համաձայնվում մեր հետ գնալ ընտրությունների»։

Ալեն Սիմոնյանն այսօր փակագծեր բացեց՝ դեկտեմբերի 29-ի հանդիպմանը Փաշինյանը թե՛ Ծառուկյանին, թե՛ Մարուքյանին առաջարկել է՝ հրաժարականի դեպքում մի առաջադրեք թեկնածու, գնանք արտահերթի։ Դրանից հետո, ըստ Սիմոնյանի, քննարկումներ չեն եղել։

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը չհերքեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։ Նիկոլ Փաշինյանի հետ տարեվերջին հանդիպած խորհրդարանական ընդդիմադիր ԲՀԿ ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները լրագրողների հետ զրույցում ասել էին` մերժել են վարչապետի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգը՝ պնդելով, որ Փաշինյանը պետք է հեռանա։

ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժմանն» է միացել, որի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս երկու ուժերն էլ պնդում են՝ արտահերթը Փաշինյանի վարչապետության օրոք չի կարող անցկացվել, այլ իրենց առաջարկած ժամանակավոր վարչապետի։ Իշխանությունն էլ այս տարբերակն է անընդունելի համարում։

«Գործող իշխանությունը կազմակերպել է ընտրություններ ու հիմա էլ կարող է կազմակերպել ընտրություններ, որոնք վստահություն կունենան հանրության մոտ։ Իսկ եթե վստահություն չի լինի, Աստված մի արասցե, որը ես բացառում եմ, մեր ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչպես դրան արձագանքի», - փաստարկեց Ալեն Սիմոնյանը։

Գորգիսյանը պնդում է, թե իրենք վաղն էլ պատրաստ են գնալ արտահերթի, բայց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններից հետո քաղաքական այսօրվա ճգնաժամը չի հաղթահարվելու։ Իշխանության առաջարկն այսօր էլ մերժում են. այն օրը, երբ Փաշինյանը հրաժարական տվեց, վարչապետի պաշտոնում իրենք առաջադրելու են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը. - «Արդյունքները կասկածի տեղիք են տալու, որովհետև իր ունեցած հեղինակությամբ և ռեսուրսներով նա չի կարողանալու երաշխավորել, որ գումար չբաժանվի, իր նշած զինված խմբերը, որոնք կան հանրապետությունում, բայց այդպես էլ որևէ մեկը չբացահայտվեց, դրանք չազդեն ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն ինչ-որ քաոտիկ պրոցես է լինելու, որի արդյունքում շահելու է նա, ով կարողացավ ավելի շատ գումար բաժանել և ավելի շատ զենքով ազդել ընտրությունների արդյունքների վրա»։

Ալեն Սիմոնյանն մերժման մեջ այլ ենթատեքստ է տեսնում. վստահ է, որ նոր ընտրությունների դեպքում ԱԺ-ում ՔՊ-ն ներկայացված կլինի, բայց շատ ընդդիմադիրներ՝ ոչ․ - «Սրանով ընդդիմությունը ֆիքսում է, որ իրենք չեն կարող ուղղակի ընտրություններով որևիցե քաղաքական պատկեր փոխել, և դրա համար են խուսափում։ Նույնիսկ ես վստահ եմ` նույն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող են նույնիսկ ընտրությունների միջոցով Ազգային ժողովում չհայտնվել»։

Գորգիսյանը վստահ է, որ իրենք կլինեն հաջորդ խորհրդարանում ու իշխանությունը վերցրած։

«Եթե նրանք վստահ լինեին, որ իրենց պատգամավորները չեն ընտրելու Էդմոն Մարուքյանին որպես վարչապետի թեկնածու, նրանք այսօր էլ հրաժարական կտային, բայց ես կարծում եմ նաև, որ նրանք այդտեղ մտավախություններ ունեն, և ես ողջունում եմ նրանց այդ մտավախությունը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG