Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունների մտքին, ըստ ընդդիմադիրների, Փաշինյանը եկել է հանրային ճնշման արդյունքում, կընդունի նաև հրաժարականի պահանջը


Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Հանրապետության հրապարակում
Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Հանրապետության հրապարակում

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների օրակարգով հանդիպումներ է նախաձեռնել հանրային ճնշման արդյունքում, համոզված է վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Վարչապետի երբեմնի դաշնակիցը կասկած չունի՝ եթե Փաշինյանը արտահերթ ընտրությունների օրակարգին է մոտեցել, ուրեմն նրա հրաժարականի որոշումն էլ հեռու չէ։

«Նիկոլ Փաշինյանն այդ մտքին եկել է հենց հրապարակի և մեր իրականացրած գործողությունների արդյունքում։ Հանրային ճնշման մեծացման հետ Նիկոլ Փաշինյանին այլ ճար չի մնալու, որ ընդունի իր հրաժարականի պահանջը», - ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Վանեցյանի պնդումները, թե հանրային ճնշման ներքո է իշխանությունն արտահերթ ընտրությունների խորհրդակցություններ սկսել, անհիմն են, հակադարձում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ «Տեղի ունեցողը, նրանց կամքից դուրս գտնվող գործընթաց է, որի ճանապարհը մենք այսպես թե այնպես նախանշել ենք մի քանի շաբաթ առաջ, որ հնարավոր է նման ճանապարհով գնանք», - ասաց Կարապետյանը։

Չնայած ընդդիմադիրների պահանջին, վարչապետ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ, օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում պնդեց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն՝ ընդդիմադիրներին զգուշացնելով՝ եթե արտահերթ ընտրությունների օրակարգին չեն համաձայնում, ուրեմն պետք է սպասեն հերթականին։

«Հայաստանի Հանրապետությունն այսօր ի վիճակի չէ թույլ տալ իրեն այնպիսի շռայլություն, ինչպիսին են ընտրությունները», - ասաց Վանեցյանը։

Փաշինյանն արտահերթ ընտրությունների ճանապարհով է պատկերացնում երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, իսկ սրան հասնելու համար անհրաժեշտ է խորհրդարանական ուժերի համաձայնությունը։

Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը մերժել են Փաշինյանի առաջարկն ու պնդում են սեփական օրակարն՝ արտահերթ ընտրությունների համար անբարենսպաստ փուլ է, Փաշինյանը պետք է հեռանա, ընտրվի ժամանակավոր վարչապետ։

Եթե ընտրությունները մերժում են, Փաշինյանն էլ դիմադրում է, ապա ինչպես է ներքաղաքական պայքարը հանգուցալուծվելու․ երրորդ ճանապարհ չկա՝ կա՛մ Փաշինյանն է մնում, կա՛մ նրա հեռացմամբ Հայաստանի պետականությունը փրկվում է, պնդում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Դա կապված չէ Լենա Նազարյանի, կամ իր շեֆի կապրիզից։ Օրակարգն այլևս դրված է շատ հստակ՝ կա՛մ մնում է Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը կորցնում է իր պետականությունը, կա՛մ հնարավորինս արագ ինքն իր մեջ վերջնականապես գտնում է վճռականության մի հյուլե և տալիս է հրաժարական, մենք էլ փորձում ենք փրկել Հայաստանի պետականությունը։ Երրորդ ճանապարհ ուղղակի չկա», - ասաց Զոհրաբյանը։

Լենա Նազարյանի հայտարարության հասցեատերը, թե «չեք ուզում արտահերթ ընտրություններ, կլինի՝ հերթականը», ընդդիմությունը չէ, ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։

Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններ ընդդիմությունը չի պահանջել, դա իշխանության կեղծ օրակարգն է՝ կարևորից շեղելու նպատակուվ, ասաց Մարուքյանը․ - «Իշխանությունն այդ օրակարգն առաջ է քաշել, հիմա էլ ասում ա՝ «դե, չեք ուզում, չենք անի»։ Բայց ձեզ ո՞վ էր խնդրում, որ արտահերթ ընտրությունների օրակարգ առաջ բերեք։ Օրակարգը հետևյալն է եղել՝ պարտության սիմվոլ վարչապետի հրաժարական, անցումային վարչապետի ընտրություն, որից հետո կձևավորվի պրոֆեսիոնալ կառավարություն, կհանդարտացնի, կստաբիլացնի երկիրը, տնտեսական վիճակը և երկիրը կտանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»։

Արտահերթ ընտրությունների օրակարգն, ըստ իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանի, երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու միակ ժողովրդավարական ճանապարհն է։ Նրա համոզմամբ, առանց խորհրդրանական ընդդիմության համաձայնության էլ հնարավոր է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն, նրա խոսքով, կարևոր է այս հարցի շուրջ քաղաքական ուժերի հետ փոխզիջման հասնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG