Մատչելիության հղումներ

Բադասյանն ու Նիդերլանդների  դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ըստ նախարարության հաղորդագրության, Բադասյանը կարևորել է 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկուստեք հարաբերությունների որակական նոր փուլ մտնելն ու Հայաստանում դեսպանատուն բացելու Նիդերլանդների որոշումը։ Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կիրացվի արդարադատության ոլորտում առկա ներուժը։

Հայաստանի արդարադատության նախարարը նաև բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում վերջերս հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների դեմ՝ Արցախում կատարված ռազմական հանցագործությունների համար: Այս համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է․ - «Նիդերլանդները ցույց տվեց, թե ինչպես է իրականում գործում ժողովրդավարությունը, երբ վտանգվում են մարդկային կյանքը, մարդու իրավունքները»։

Դեսպանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համագործակցելու հեռանկար կա՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։

Բադասյանը դեսպանին է ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը, արդեն իսկ գրանցած ձեռքբերումներն ու կարևորել այդ նպատակով միջոցառումներ իրականացնելու համար Եվրամիության կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 9 մլն եվրո աջակցությունը։

Անդրադառնալով 2020 թվականին Նիդերլանդներ կատարած այցին ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ նախարարը դրանցից հատկանշական է համարել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման բանակցությունների, Հայաստանի ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակ նախատեսող փաստաթղթի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։

Կողմերն արդյունավետ փոխգործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG