Մատչելիության հղումներ

Առաջարկվում է նվազեցնել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող գումարների չափը


Պատգամավոր Գևորգ Պապոյանը
Պատգամավոր Գևորգ Պապոյանը

Իշխող խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանն առաջարկում են նվազեցնել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող գումարների չափը։ Կառավարության առաջարկած ու տարեվերջին ընդունված՝ արդեն իսկ գործող օրենքով հիմնադրամի համար նախկին հազար դրամի փոխարեն 1500-ից 15 հազար դրամ է գանձվում՝ կախված աշխատողի աշխատավարձի չափից։

«100-ից 150 հազար դրամ ստացող քաղաքացիները գործող տարբերակով ամսական վճարելու են 3 հազար դրամ, մենք առաջարկում ենք ամսական 2 հազար դրամ, այսինքն` տարեկան նրանք 12 հազար դրամ ավելի շատ եկամուտ փաստացի մեր նախագծով կունենան: Հաջորդը 200-ից 300 հազար դրամ ստացողները գործող տարբերակով 5500 դրամ է, մենք առաջարկում ենք 3 հազար դրամ: Սա այսպես ասած` մեր շարժիչ հատվածն եմ ես համարում, շատ կարևոր հատված, և ամսական 2500 դրամ կամ տարեկան 30 հազար դրամ կկարողանան խնայել», - ներկայացրեց Պապոյանը:

Արդեն 300 հազար դրամից ավելի՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում առաջարկվում է 5500 դրամի փոխարեն 5 հազար դրամ, իսկ 500 հազարից ավելի՝ մինչև 750 հազար դրամ աշխատավարձի դեպքում 8500-ի փոխարեն 7500 դրամ գանձել։ 750 հազարից ավելի՝ մինչև 1 ու կես միլիոն դրամ ստացողներն էլ, ըստ նախագծի, 15 հազար դրամ կվճարեն հիմնադրամին, 1 ու կես միլիոնից բարձր ստացողները՝ 20 հազար դրամ։

«Այս գումարը, որը փոխանցվելու է հիմնադրամին, կազմելու է տարբեր խմբերի մարդկանց համար աշխատավարձի 1-ից 2 տոկոս, գործող օրենքի նախագծով 0.85-ից 3 տոկոս: Տեսեք` բևեռվածությունն ինչքան մեծ է այնտեղ, մեզ մոտ համեմատաբար ավելի փոքր է: Եվ հետաքրքիր մի բան` այդ 3 տոկոսը ավելի ցածր աշխատավարձ ստացողների համար էր, և 0.85-ը բարձր աշխատավարձ ստացողների համար էր», - հավելեց պատգամավորը:

Գևորգ Պապոյանը համոզված է՝ 750 հազար դրամից բարձր ստացողների համար նոր փոփոխությունն այդքան էլ մեծ բեռ չի լինի, հատկապես անցած տարվա եկամտային հարկի փոփոխություններից հետո. «28 տոկոսից եկամտային հարկը իջավ 23 տոկոս, հիմա 22 տոկոս և 36 տոկոսից իջավ 23 տոկոս, օրինակ` այդ 36 տոկոս հատվածը շատ, այսպես ասած, օրենքի հիմնական շահառուն են, և իրենք մեծ առավելություն ստացան այդ ժամանակ, շատ ավելի շատ եկամուտներ կարողացան գեներացնել, քան այս օրենքով մենք կկարողանանք նրանցից ետ բերել ինչ-որ մի չափը հանուն մեր բանակի, հանուն մեր զոհված և վիրավոր տղաների»:

Պատգամավորն ասում է՝ սահմանված գումարի չափերը հնարավոր է` կրկին նվազեցնեն, քանի որ հաշվել են՝ իրենց առաջարկի դեպքում տարեկան կհավաքվի 24 միլիարդ դրամ, ինչը 1 միլիարդով ավելի է նախատեսվածից. «Անգամ կարող է այնպես լինել, որ ինչ-որ մի խմբի համար մի 500 կամ հազար դրամ էլ կարողանայինք իջեցնել, եթե հիմա էլ դա չանենք` հաշվի առնելով, որ տնտեսական ճգնաժամ է և այլն, մեկ տարի հետո կկարողանանք անել, երբ որ մենք վերականգնման փուլ կմտնենք, նոր աշխատատեղեր արդեն կստեղծվեն»:

Իսկ ինչո՞ւ փոփոխությունը հենց տարեվերջին չառաջարկվեց, իշխող ուժի պատգամավորը բացատրում է, թե օրենքով իրենք հնարավորություն չունեին առաջարկներ ներկայացնելու, քանի որ կառավարարության նախագիծն արտահերթ նիստերի ընթացքում է ընդունվել։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցում է տրամադրել 741 զոհված զինծառայողի ընտանիքի։ Հիմնադրամից ասում են՝ մինչ ամսվա վերջ էլ շուրջ 400 ընտանիքի հատուցման որոշում կկայացնեն։

«Մեր հատուցված դեպքերի քանակն ավելանալու է յուրաքանչյուր շաբաթ: Մենք անցյալ տարի մեր առջև խնդիր էինք դրել, որ շաբաթական 100 հատուցում մենք անենք և կարողացանք հասնել այդ քանակին մինչև տարվա վերջ, հիմա հույս ունեմ, որ այս տարի արդեն մենք շաբաթական ոչ թե 100, այլ միգուցե 200 կամ ավելի հատուցումներ կանենք», - շեշտում է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Հիմնադրամը ժամանակավորապես փոխհատուցում կտրամադրի նաև անհետ կորած 32 զինծառայողների ընտանիքների անդամներին՝ ամսական 300 հազար դրամի չափով: Նույնքան գումար կստանան նաև պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները մինչ նրանց հաշմանդամության կարգի որոշումը։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի տեղեկացմամբ՝ պատերազմի հետևանքով հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է շուրջ 7 հազարով։

Հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին և կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։



XS
SM
MD
LG