Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ` վարչապետը նշել է, որ Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: «Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների կառուցողական և անկողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև Նիդերլանդների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:
Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է:
Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշված դիվանագիտական ներկայության ապահովումն է, և դա հնարավորություն կտա տարբեր նախաձեռնություններով աջակցել Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը: