Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանն ազատվեց նախարարի պաշտոնից. հայտնի է նրան փոխարինողի անունը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արխիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արխիվ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից և միանգամից նորը ստացավ, այսուհետ նա կղեկավարի վարչապետի աշխատակազմը՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության նախարար նշանակվեց Թորոսյանի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Արսեն Թորոսյանը ֆեյսուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել նախարարության ու ենթակա կառույցների աշխատակիցներին. «Վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնությունը», - գրել է նա:

38-ամյա Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Թորոսյանի՝ պաշտոնից հրաժարվելու մասին լուրերը շրջանառվում էին դեռ ամռանից, իսկ նոյեմբեր ամսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության կազմում փոփոխություններ է կատարում, այդ խոսակցություններն ավելի ակտիվացան։

Վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար, 32-ամյա Էդուարդ Աղաջանյանը նույնպես ՔՊ վարչության անդամ է, իր պաշտոնում նշանակվել էր 2018-ի մայիսի 10-ին։ «Ազատությանը» չհոջողվեց կառավարությունից պարզել, թե ինչն է Աղաջանյանին աշխատանքից ազատելու պատճառը, մասնավորապես արդյոք վարչապետը դժգոհ է նրա աշխատանքից։

Առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը պաշտոնավարման ընթացքում մի շարք կտրուկ փոփոխություններ նախաձեռնեց իր ղեկավարած ոլորտում, անցած տարվանից քննադատությունների կիզակետում էր հայտնվել կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի համար։

Ըստ մասնագետի` կորոնավիրուսի դեմ պայքարը չի ստացվել

Կորոնավիրուսի դեմ պայքարն ըստ էության չի ստացվել, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը. «Եթե նայենք` կազմակերպչական առումով ինչ է արվել, այնտեղ հստակ բլոկներ կան` ինչ պետք է արվեր, ասենք հանրային հաղորդակցում, ոչ մի բան չի արվել, լայնածավալ թեստավորում, շատ-շատ մեծ վերապահումներով քիչ թե շատ բավարար արվել է, բայց ոչ այն ծավալով, որ պետք էր»:

Մասնագետի գնահատմամբ` կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորների հայտնաբերման գործընթացն անկազմակերպ է եղել. «Մինչև հուլիսի 27-ը որևէ փաստաթուղթ անգամ չկար, որով կոնտակտների հայտնաբերումը պիտի կանոնակարգրվեր, որոշակի կանոնակարգում կար այդ հանրահայտ տեղորոշման օրենքի շրջանակներում, բայց երբ որ արտակարգ դրությունը հանվեց, ըստ էության չի արվում»:

Արսեն Թորոսյանի նախաձեռնած փոփոխություններից ամենաաղմկոտը ծննդատների օպտիմալացումն էր, երբ սահմանված չափանիշներին չհամապատասխանող բուժհաստատությունները դադարեցին գործել: Առողջապահության նախարարության այս քայլն ուղեկցվում էր բողոքի ակցիաներով։ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով` օպտիմալացման գործընթացն անհրաժեշտ է եղել, սակայն խնդիրներ են առաջացել բուն գործընթացի ժամանակ. մարդկանց ավելի վաղ չէին տեղեկացրել այդ մասին. «Մենք տեսանք հակառակը` մարդիկ տարեսկզբին եկան աշխատանքի և իմացան, որ ուղղակի չի ֆինանսավորվում իրենց բաժանմունքը»:

Հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պաշտոնը լքած 7-րդ նախարարն է։ Առողջապահության ոլորտի նոր պատասխանատուն՝ Անահիտ Ավանեսյանը, գործադիրի կազմում միակ կին նախարարն է։

XS
SM
MD
LG