Մատչելիության հղումներ

Պատերազմից հետո արդեն 6-րդ նախարարն է լքում զբաղեցրած պաշտոնը


Տիգրան Խաչատրյանը, արխիվ
Տիգրան Խաչատրյանը, արխիվ

Աշխատանքից ազատման դիմում է գրել մոտ մեկուկես տարի պաշտոնավարած էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատել է նրա խոսնակը՝ չհայտնելով, սակայն, հրաժարականի պատճառները։ Այս պահին դեռ հայտնի չէ նոր նախարարի անունը։

Տիգրան Խաչատրյանը պատերազմից հետո 6-րդ նախարարն է, որը լքում է զբաղեցրած պաշտոնը, երեկ էլ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվեց, ԿԳՄՍ նոր նախարարը Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է, որին այսօր նախարարության աշխատակիցներին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Դումանյանը բարձրագույն կրթության ոլորտի հնաբնակներից է և գործնականում իր ողջ գործունեությունը ծավալել է բարձրագույն կրթության ոլորտում, և ուզում եմ հույս հայտնել, որ մենք միասին նաև կկարողանանք հասնել այն նպատակներին, որ մեր առաջ դրել ենք», - ասել է Փաշինյանը:

Կրթության նախարարության հետ հրապարակային լուրջ տարաձայնությունների պատճառով հրաժարական տված Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ԿԳՄՍ նախարարի փոփոխությունը ճիշտ քայլ չի համարում, ասում է՝ այս փուլում Արայիկ Հարությունյանին Վահրամ Դումանյանով փոխարինելու որոշումը քաղաքական է, իսկ ըստ ԲՈԿ նախկին նախագահի՝ կրթության ոլորտում քաղաքականությունը երկրորդական պետք է լինի. «Պիտի գերակշռի մասնագիտականը, և նոր նշանակումը նույնպես պետք է դիտարկել այդ տեսանկյունով, որ այն քաղաքական որոշում է, այս նշանակումը զուտ քաղաքական է, ոչ թե կոմպետենտության հարց է, ինչի վերաբերյալ ես ունեմ իմ կարծիքը, բայց այս փոփոխությունները կարծում եմ` դրա հետ ոչ մի կապ չունեն»:

ԿԳՄՍ նոր նախարար, 68-ամյա Վահրամ Դումանյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունի։ Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Դումանյանը ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուներից մեկն է։ Հրապարակումների համաձայն՝ նրան աջակցում էին իշխանությունները։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պատերազմից հետո ստեղծված իրավիճակում նախարարի փոփոխությունն անիմաստ է համարում, ըստ նրա՝ կա՛մ պետք է ողջ կառավարությունը հեռանա, կա՛մ էլ շարունակի պաշտոնավարել. «Այս պահին նախարար փոխելու իմաստը գուցե այն էր, որ ձևավորված որոշակի հանրային դժգոհությունն ավելի մեղմացվի, որովհետև շատերն էին պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, գուցե այս քայլով փորձ է արվում մեղմացնել, բայց այս պահին, կարծում եմ, անիմաստ է»:

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի գնահատմամբ՝ կրթության և գիտության հարցերը կառավարությունից կախված չպետք է լինեն. «Ընդհանրապես ես կարծում եմ, որ կրթության և գիտության հարցերը պետք է լինեն վերկառավարական, այսինքն` լինի ինչ-որ ծրագիր, որով մեր երկիրը շարժվի տասնամյակներ շարունակ` անկախ նրանից, թե իշխանություններում ովքեր են գտնվում»:

Իր հրաժարականի պահանջների ֆոնին վարչապետ Փաշինյանը անցած շաբաթ հայտնել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ է անելու, որպեսզի առաջիկա կես տարում պատերազմից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր իրականացնի: Սմբատ Գոգյանը, սակայն, կարծում է, որ մասնավորապես կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրները մի քանի ամսում հնարավոր չէ լուծել. «Մի քանի ամսվա ընթացքում պրոգրես կամ լուծում ունենալ հնարավոր չէ, այսինքն` չափորոշիչների հարցը, ակադեմիայի հարցը, գիտության զարգացման հեռանկարները, այդ հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հետո նախարարի կողմից մենք կհասկանանք, թե ինչ է տեղի ունենալու, բայց որ ասեն` գլոբալ փոփոխություններ անել հնարավոր չէ, դա փաստ է»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը միանգամից չորս ոլորտ համակարգող նախարարության նոր ղեկավարի հաջողության հավանականությունը փոքր է գնահատում։ «Այդքան ոլորտներ՝ մշակույթ, սպորտ․․․ բնականաբար նոր նախարար է, այդ ոլորտներին չի տիրապետում, և շատ դժվար է լինելու կառավարել այդքան ոլորտներ, գումարած ընդհանուր իրավիճակը, որ մենք ունենք, չեմ կարծում, որ այս իրավիճակը որևէ շանս է տալիս ինչ-որ բան փոխելու», - ասաց Սերոբ Խաչատրյանը։

Կրթության նորանշանակ նախարարն այսօր չցանկացավ հարցազրույց տալ։ Էկոնոմիկայի և կրթության նախարարներից առաջ իրենց պաշտոնները լքել էին ևս չորս՝ արտաքին գործերի, պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարները։ Հայաստանի կառավարության կազմում 12 նախարարություն կա։

XS
SM
MD
LG