Մատչելիության հղումներ

Այվազյանը պնդում է, որ Արցախի կարգավիճակը եղել է և մնում է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը համամիտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն պնդման հետ, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակը։

«Միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, և կավելացնեմ՝ եղել է և մնում է կարևորագույն սկզբունքը», - ասաց Արա Այվազյանը։

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի վերաբերյալ իր հոդվածում, որին էլ երեկ արձագանքնել էր ռուսաստանցի համանախագահը ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, պնդել էր, թե ռուսական առաջարկներով նախատեսվել են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ ու ռուս խաղաղապահների տեղակայում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ վարչապետի, առաջարկությունների փաթեթը շրջանցում էր։

Հարցին, թե արդյոք ռուսաստանցի համանախագահի պնդումը չի հակասում վարչապետի հայտատարությանը, Արա Այվազյանը ուղիղ պատասխան չտվեց․ - «Ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածները և ուրիշ մեկնաբանությունները, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի արձագանքը վարչապետ Փաշինյանի հոդվածին քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը լավ իմաստով Արցախի կարգավիճակի հարցի սադրանք է համարում։

«Ռուսաստանը արձագանքելով՝ փաստացի ներկայումս դրեց, որ Ռուսաստանի համար Արցախի կարգավիճակի հարցը օրակարգային հարց է, և եթե այժմ այդ հարցի առումով պնդումներ չկան, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանի համար այդ հարցը օրակարգում չէ», - փաստարկեց Բադալյանը։

Բադալյանը պատահական չի համարում, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված արձագանքը հաջորդեց հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը․ - «Ակնհայտ է, որ այդ հանդիպման ընթացքում եղել են բարդ քննարկումներ, ակնհայտ է, որ Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են առավելագույնս նվազեցնել Ռուսաստանի իրավաքաղաքական ազդեցությունը Արցախում՝ հեռանկարում ընդհանրապես չեզոքացնելու ռազմավարությամբ։ Եվ էստեղ նաև հնչում է Ռուսաստանի պատասխանը, որ կարգավիճակի հարցը Ռուսաստանի խաղաքարտերի տրցակում է, և Մոսկվայի համար այն օրակարգից դուրս չէ»։

Այսօր լրագրողները Հայաստանի արտգործնախարարից հետաքրքրվեցին նաև գերիների խնդրի վերաբերյալ։ Արա Այվազյանը կրկնեց՝ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթություն է գերիների հարցը, և արտգործնախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրունում․ - «Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում։ Սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձևավորելը։ Եթե Ադրբեջանը չի կարողանում կատարել իր պարտականությունը հումանաիտար խնդրի շուրջ, ապա մնացած բոլոր խնդիրները մենք դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել»։

Նախարարն ասում է, որ գերիների խնդիրը մեկ օրում լուծվող հարց չէ, միևնույն ժամանակ հույս է հայտնում, որ այն լուծում կստանա։

XS
SM
MD
LG