Մատչելիության հղումներ

«Արդարացման փորձ», փորձագետների ու քաղաքական ուժերի գնահատականը վարչապետի հրապարակած հոդվածին


Արդարացման փորձ. հենց այսպես են գնահատում փորձագետներն ու քաղաքական ուժերը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածը, որտեղ նա խոսել էր Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների մասին և թե ինչու հնարավոր չեղավ խուսափել դրանից։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է` եթե անգամ համաձայնի բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի անցկացրած պատմական ակնարկի հետ, դա չի արդարացնում այն սխալները, որոնք վերջին երկուսկես տարվա ընթացքում թույլ է տվել Փաշինյանը։

«Այդ ինքնավստահությունը, ինքնասիրությունը, որ կա իր և թիմի մոտ նաև իր բացասական լուման տվեց: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանը միջազգային հանրությունում կարողացավ ձևավորել կարծիք ի օգուտ Ադրբեջանի, բայց կներեք 2,5 տարին քիչ ժամանակ չէ, դա էլ հեղափոխությունով եկած իշխանություն, որի նկատմամբ աշխարհն ուշադիր է, քայլեր անել, ու մի քիչ թուլացնել քարոզչությունն Ադրբեջանի, ու նոր իշխանություններին հաճույքով աշխարհը կլսեր, բայց քանի որ ինքը մարդկանց հավաքեց, որոնք Ղարաբաղի հարցում բանիմաց չէին, դրա պատճառով էլ այդ քայլերը չարեցին: Օրինակ՝ ինքը հիշեցրեց Լիսաբոնի մասին, բայց մոռացավ ասել, որ Լիսաբոնում Լևոն Տեր-Պետրոսյանը վետո օգտագործեց ու էդ Լիսաբոնում, որտեղ որ իրոք մեր դեմ, համաձայն եմ իր հետ, տրամադրությունները ուժեղ էին, բայց այնուամենայնիվ չեղյալ համարվեց այդ Լիսաբոնի հայտարարությունը մեր դեմ ուղղված: Մյուս օրինակը, երբ որ ինքը ասում է՝ դուրս եկավ Ղարաբաղը բանակցային պրոցեսից, ճիշտ է ասում, հենց դրա համար մենք Ռոբերտ Քոչարյանին քննադատել ենք, բայց դուք գիտե՞ք, որ 2006 թվին նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հենց մադրիդյան սկզբունքների քայլերի մեջ մտցվեց Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը», - նշեց Գրիգորյանը:

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը նկատում է՝ Փաշինյանի անցկացրած պատմական ակնարկի մեջ շատ շեշտադրումներ բավականին հակասական են։ Փաշինյանը գրել էր. «Բանակցային գործընթացը 1994-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է»:

«Ենթադրենք, ես վատ ժառանգություն եմ ստացել իմ ծնողներից, որոնք ինձ ոչինչ չեն թողել, եթե ես գնամ սկսեմ ինչ-որ շքեղ ծախսեր անել, նոր պարտքեր անել, ֆինանսական փորձանքի մեջ ընկնել, ինչո՞վ է դա արդարացնում այն, որ ես վատ ժառանգություն եմ ստացել: Դա ուղղակի տրամաբանորեն ոչ մի քննադատության չի դիմանում, կարող է նույն հաջողությամբ Յուպիտերի քամիների մասին խոսել: Իր վատ ժառանգությունը, իր սարսափելի և ոչնչով չարդարացված ուժերի հարաբերակցությամբ ու դաշնակիցների աջակցությամբ չարդարացված քաղաքականությունը որևէ կերպ չի արդարացվում», - ասաց Արման Գրիգորյանը:

Փաշինյանի այն շեշտադրմանը, որ պատերազմի այլընտրանքը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց, քաղաքագետը սուր է հակադարձում՝ դա պարզապես մանիպուլյացիա է։ Ոչնչի դիմաց տարածքներ հանձնելու դեպքում էլ պատերազմը կսկսվեր ոչ, թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներից, հայտնի հոդվածում կարծիք էր հայտնել Փաշինյանը:

«Բոլորը կարող ենք բացել և կարդալ այդ փաստաթղթերը և այնտեղ հստակորեն ուրվագծված են այն երաշխիքները, որ Հայաստանը կստանար, եթե բանակցային լուծման գնար: Եթե նույնիսկ մենք վերջում ստանալու էինք այն, ինչ որ ստացանք պատերազմի հետևանքով, եթե նույնիսկ Շուշին էինք կորցնելու, Հադրութն էինք կորցնելու այդ բանակցային լուծման հետևանքով, այդ բանակցային լուծմամբ, ինչը այդպես չէր, պատերազմը նորից արդարացված չէ, որովհետև այդ դեպքում կխնայեինք այդ կյանքերը», - ընդգծեց քաղաքագետը:

Խորհրդարանական ընդդիմություն «Լուսավոր Հայաստան»-ից չցանկացան մեկնաբանել Փաշինյանի հոդվածը: Ընդդիմադիր ամենամեծ խմբկացություն ԲՀԿ-ից Արման Աբովյանն էլ ասաց՝ հոդվածում որևէ նորություն չի կարդացել, իսկ վարչապետի վերլուծությունների ու գնահատականների հետ համաձայն չէ:

«Վերլուծությունները բնավ ոչ մեկին հետաքրքիր չեն՝ լինելով այն ժամանակ երկրի ղեկավար և տիրապետելով այն բոլոր տեղեկությանը, որն ինքը հրապարակեց, նա ուղղակի պարտավոր էր այդ ընթացքում թե՛ հետևություններ անել և թե՛ քայլեր ձեռնարկել, որ այն, ինչ կատարվեց, չկատարվի», - նշեց Աբովյանը:

Շուրջ 3 տասնամյակի իր պատմական ակնարկում Փաշինյանը ըստ էության մատնանշում է նախորդ երեք նախագահների թույլ տված սխալները։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մինչ այս պահը որևէ կերպ այս հոդվածին չեն անդրադարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG