Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Ռուսաստանի քաղաքներում, կան ձերբակալվածներ


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի տարբեր մարզերում մեկնարկել են «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի հրավիրած բողոքի ակցիաները։

Վլադիվոստոկում արդեն կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Նավալնիի տարածքային շտաբի ղեկավար Յուրի Կուչինը, իսկ ակցիան սոցիալական ցանցերում ուղիղ եթերով հեռարձակող ակտիվիստներից մեկի վրա կանաչ հեղուկ՝ «զելյոնկա» են լցրել։ Նշենք, որ երթը համաձայնեցված չէ տեղի իշխանությունների հետ։

Բլագավեշչենսկում չհամաձայնեցված ակցիայի ժամանակ 4 մարդ է ձերբակալվել։ Նրանցից մեկի ձեռքին եղել է «Ռուսաստանն առանց կոռուպցիայի» գրություն։

Կազանում ցույցին մոտ 400 մարդ է մասնակցել։ Տեղի իշխանությունները թույլատրել են ակցիա իրականացնել առավոտյան ժամը 7-ին՝ քաղաքի ծայրամասերից մեկում։ Ակցիայի կազմակերպիչը ձերբակալվել է։

Հակակոռուպցիոն բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Կրասնոդարում, Բառնաուլում, Նովոսիբիրսկում, Խաբարովսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ Նավալնին այսօր ակցիա է հրավիրել Մոսկվայի Տվերսկայա փողոցում՝ քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված Սախարովի հրապարակի փոխարեն։

«Կրեմլը խաղ է վարում է, ասում է՝ «թող իրենք իրենց բողոքի ակցիան անցկացնեն ոչ-կենտրոնական՝ Սախարովի հրապարակում՝ առանց ելույթների։ Թող հավաքվեն, լուռ կանգնեն և տուն վերադառնան»։ Բայց մենք չենք մասնակցի այդ խաղին և թույլ չենք տա, որ մեզ նվաստացնեն։ Ես բոլորիդ կոչ եմ անում հավաքվել վաղը Տվերսկայա փողոցում՝ դա Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքն է», - ասել է ընդդիմադիր գործիչը։

Մոսկվայի դատախազությունը զգուշացրել է ակցիայի կազմակերպիչներին, որ Տվերսկայա փողոցում չարտոնված հավաք անցկացնելու ցանկացած փորձ օրենքի խախտում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG