Մատչելիության հղումներ

Հայաստանի զինդատախազը հանդիպել է Արցախում ծառայություն իրականացնող Ռուսաստանի դատախազության աշխատակիցներին


Հայաստանի զինվորական դատախազ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյան
Հայաստանի զինվորական դատախազ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյան

Հայաստանի զինվորական դատախազ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախում Ռուսաստանի զինված ուժերի խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում ծառայություն իրականացնող Ռուսաստանի դատախազության աշխատակիցներին։

Ըստ հաղորդագրության, Վահե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով և բարեխղճորեն իրականացնելու համար՝ շեշտելով դրա կարևորությունը Արցախում խաղաղապահ ուժերի բնականոն գործունեության, Արցախի բնակչության անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից։

Զինվորական դատախազը նրանց է փոխանցել պարգևները, որոնց վերջիններս արժանացել են Հայաստանի գլխավոր դատախազի հրամաններով. գլխավոր դատախազի կողմից Ռուսաստանի դատախազության նշված 4 աշխատակիցները Արցախում իրավակարգի ամրապնդման և Հայաստանի դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար Ռուսաստանի դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվել էին «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, կամ «Հայաստանի Հանրապետություն» կրծքանշանով:

Զինվորական դատախազը նշել է, որ նրանց բարեխիղճ աշխատանքը նաև նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի դատախազության մարմինների հարաբերությունների սերտացմանը, ինչի համար կարևոր խթան է հանդիսացել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ կայացած հանդիպումն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ըստ դատախազության, այդ պայմանավորվածությունների շրջանակներում ակտիվ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու, մինչ այդ նրանց անվտանգության, առաջնային կենսական իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով։

Արցախա-ադրբեջանական շփման գծում զինադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ դրանք նվազագույնի հասցնելու, իրավիճակի վերահսկելության երաշխավորման տեսանկյունից կարևորվել է նաև ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում այդպիսի դեպքերի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու, դրանց համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG