Մատչելիության հղումներ

Իվանիշվիլիի կարծիքով՝ մինչև 2030-ը Վրաստանը կարող է անդամակցել ԵՄ-ին


Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

«Չորս տարի հետո Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում կներկայացնի», - պնդում է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Միլիարդատերն այս մասին հայտարարել է Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում։ Սա Իվանիշվիլիի առաջին շփումն էր լրագրողների հետ քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին երկուշաբթի օրը հրապարակված հայտարարությունից հետո։

«2024 թվականին մենք ԵՄ անդամակցության դիմում կներկայացնենք, և եթե որևէ խնդիր ինքներս մեզ համար չստեղծենք ու կայուն կերպով զարգանանք, ապա մինչև 2030 թվականը կդառնանք այդ ամենահետաքրքիր ընտանիքի անդամը», - ասել է Իվանիշվիլին։

«Վրացական երազանք»-ի հիմնադիրը նաև նշել է, որ Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին։ «ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը ՀՆԱ-ի 2 տոկոսը չի ուղղում պաշտպանական ծախսերը հոգալուն, իսկ մենք, աղքատ երկիր հանդիսանալով, անում ենք դա», - նշել է Իվանիշվիլին։

XS
SM
MD
LG