Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողների հարազատները պարզաբանում են պահանջում Քննչական կոմիտեից


Պատերազմի ընթացքում զոհված զինվորների հարազատներն այսօր ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում էին և պահանջում էին պարզաբանումներ տալ, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները, ինչու մինչ օրս հրամանատարական կազմից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

«Մենք նոյեմբերի 2-ից տվել ենք հայտարարություն հանցագործությունների մասին, որը վերաբերվում էր ղեկավար մասին։ Այսինքը, բարձրաստիճան պաշտոնյաներ կան՝ գեներալներ կան, վաշտի հրամանատարներ կան, գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Քանի որ մեր հայցի պատասխանը մինչև այսօր բավարարված չէր, մարդիկ կան, որ պետք է քննվեն, մինչև այսօր հարցաքննությունները, այստեղ ասում են, որ Ղարաբաղում են անցկացրել, իրենց չեն բերել Հայաստան, այնտեղ էլ քննչական մարմիններ կան։ Բայց հանգամանքները դեռ բավարար չեն, մեր հարցի լուծումը հստակ մնացել է օդում կախված։ Մենք 3-4 հոգի ենք հանցագործության մասին հայց ներկայացրել, իսկ մնացած ծնողների մասով դեռ ոչինչ չկար։ Այսինքն, եթե ես հետևել եմ, ներկայացրել եմ, դեռ իմ գործը չի գնացել առաջ, բա մնացած ծնողների համար ո՞վ պետք ա հոգատարություն տաներ, որ իրանց զինծառայողների մասին նյութեր պատրաստեին, քննություն վարեին», - ասաց բողոքողներից Գարիկ Մխիթարյանը։

Գարիկ Մխիթարյանի որդին՝ շարքային Մխիթարը զոհվել է հոկտեմբերի 6-ին։ Հոր խոսքով՝ եթե նկատեն, որ գործընթացը դանդաղում է, սայլը տեղից չի շարժվում, ապա պատրաստվում են ակցիաներ կազմակերպել․ - «Մեր պահանջը նա է, որ որպես ծնող մենք պետք է գնանք տվյալներ հավաքենք, բերենք տանք Քննչական կոմիտեին, այլ մենք զինվոր ենք տվել, չէ՞, զորամասին։ Զորամասից պետք ի իրենք հարցում կատարեն, չէ՞․ տվյալ զորամասին զինվորների քանակությունը, ինչքանը կան, ինչքանն են, որ վիրավորվել են, ինչքանը գերության մեջ ունենք․․․ Այսօր ոչ մի տեղ ոչ մի փաստ չի նշվում։ Հրամաններով տարել են երեխաներին սխալ ուղղություններով, սխալ հրամանների արդյունքում ունեցել ենք մեծ քանակով զոհեր․․․ համարյա 40-50 տոկոսը զինվորների զոհված են կամ վիրավոր»։

Այստեղ էին նաև անհետ կորած զինվորների հարազատները։ Նրանցից մեկն իր որդուց արդեն 3 ամիս լուր չունի։ Վերջին տեղեկությունը եղել է այն, որ որդին վիրավոր է, սակայն, թե որտեղ է, ինչ վիճակում է, պատկան մարմիններից լռում են. – «Էստեղ մենք էկել ենք, որ իմանանք, թե ինչի համար մինչև հիմա, երեք ամիս անցել ա, մենք ոչ մի տեղեկություն չունենք, ու ոչ մի պատկան մարմիններ չեն ուզում զբաղվել մեր էրեխեքի գործով․․․ Ո՞վ պետք ա պատասխան տա վերջապես։ Ոնց ես տեսնում եմ, անպատասխանատու երկիր ա մեր երկիրը․․․»

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարները նոյեմբերի 13-ից ի վեր հայտնաբերել են 9 ողջ մնացած զինվորականների և խաղաղ բնակիչների։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր որոնողափրկարարական աշխատանքները մի քանի ուղղությամբ են իրականացվել։

Ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ մինչ օրս հայտնաբերվել է 1211 աճյուն․ - «Աշխատանքները այս պահին ընթանում են Ասկերանի վերին ենթաշրջանում, մասնավորապես Սրնախ համայնքում, Ջաբրայիլի, Մարտունու, Հադրութի և Զանգելանի հատվածներում։ Ամեն օր լինում է նաև մեկ խումբ, որը որոնողական աշխատանքներ իրականացնում է լեռնային շրջաններում ողջերի ուղղությամբ, բայց այսօր այդ աշխատանքը կասեցվեց։ Այն կշարունակվի առաջիկայում։ Չգիտեմ ինչ խնդրի հետ կապված, բայց ադրբեջանական կողմը թույլ չի տվել»։

XS
SM
MD
LG