Մատչելիության հղումներ

Ըստ զինծառայողի հոր՝ որդին ու ծառայակիցները ԱԹՍ-ի զոհ են դարձել հրամանի պատճառով


Պատերազմ Արցախում, արխիվ

Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով կալանավորվել է N զորամասի հրամանատարի տեղակալը։ Գլխավոր դատախազությունից մանրամասնում են` զինծառայողի հայրը հայտնել է, որ ռազմական դրություն հայտարարվելուց հետո, երբ որդուն տեղափոխել են Արցախ, ինքն իր մեքենայով մեկնել է որդու մոտ` աջակցություն ցուցաբերելու զորակազմին: Այնտեղ ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցներն անօդաչու թռչող սարքի զոհը դառնում` մեկ հրամանի պատճառով։

«Ըստ այդ հաղորդման` ինքն ականատես է եղել, թե ինչպես է զորամասի հրամանատարի տեղակալը մարտական պատրաստության գծով այդ իրավիճակում ԱԹՍ-ի ձայնի առկայության պայմաններում, լսելիության պայմաններում հրամայել բոլոր զինծառայողներին վերադարձնել մեքենաները և շարժվել նշանակման վայր, ինչը կատարվել է, և արդյունքում` չանցած 5 րոպե ԱԹՍ-ի հարվածի հետևանքով «Ուրալ» մակնիշի մեքենան այրվել է, ոչնչացվել է», - ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության` բռնկված հրդեհի հետևանքով մեքենայում եղած 19 զինծառայողներից 18-ը մահացել են, իսկ «Ուրալ»-ում եղած զինծառայողներից մեկն ու առջևից երթևեկող «Նիսան» ավտոմեքենայում գտնվող զինծառայողի հայրն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

N զորամասի հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 4-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար։ «Չկա որևէ հրապարակում, որևէ տեղեկություն, որը հասու է դառնում գլխավոր դատախազությանը, դատախազության մարմիններին, և դրանք իրենց մեջ պարունակում են առերևույթ հանցավորության հատկանիշներ որոշակի, որոնք կապված են պատերազմի ընթացում ռազմական գործողությունների հետ, ուրեմն պատերազմի ելքին հանգեցրած որոշակի իրավիճակներին, և դրանք մենք չենք դարձնում քննության առարկա: Պարտադիր բոլորն ուղարկվում են քննության», - վստահեցնում է Գոռ Աբրահամյանը:

Ըստ գլխավոր դատախազության՝ պատերազմին առնչվող արդեն շուրջ 2000 քրեական գործ է հարուցվել, գործերի զգալի մասը դասալքությանն է վերաբերում։ Գործեր են հարուցվել նաև տարածքները 5 միլիարդ դոլարով վաճառելու, Շուշին հանձելու վերաբերյալ արված հայտարությունների մասով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG