Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով՝ մոսկովյան հանդիպման արդյունքում «լավագույն դեպքում կընդունվի հայտարարություն»


Եռակողմ հայտարարության նախագիծը, Արկադի Դուբնովի տեղեկություններով, պատրաստվել և ուղարկվել է Բաքու և Երևան։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի բացառիկ հյուրը Մոսկվայից անկախ վերլուծաբան, Ղարաբաղի հարցի գիտակ Արկադի Դուբնովն է։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․

«Ազատություն»․ - Բարև Ձեզ, պարոն Դուբնով, շնորհակալություն այս հարցազրույցի համար։

Վաղը Մոսկվայում տեղի կունենա Փաշինյան - Պուտին - Ալիև եռակողմ հանդիպումը։ Այս հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել, արդյո՞ք հնարավոր եք համարում, որ ստորագրվի որևէ պայմանագիր, համաձայնագիր խաղաղության կամ որևէ այլ հարցի շուրջ։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

Արկադի Դուբնով․ - Որքան ես եմ հասկանում, պայմանագրեր չեն ստորագրվելու։ Ամենայն հավանականությամբ, կընդունվի եռակողմ հայտարարություն, որի նախագիծը, որքան ես գիտեմ, պատրաստվել և ուղարկվել է Բաքու և Երևան։

Մենք հասկանում ենք, որ հանդիպման անցկացման նախաձեռնությունը Պուտինինն է, ով բավականին մեծ դժվարությամբ կարողացավ այնպես անել, որ երկու կողմերն էլ համաձայնեն այժմ հանդիպել Մոսկվայում։

Ուղղակի նախնական ես կնկատեի, որ Մոսկվայում, ինչպես ես հասկանում եմ, ընդհանուր առմամբ կցանկանային որոշ դրակլան արդյունքներ ստանալ ղարաբաղյան կարգավորման և նոյեմբերի 10-ի համաձայնագրի շուրջ մինչև Ջո Բայդենի հունվարի 20-ի երդմնակալությունը, քանի որ հենց սկզբից Մոսկվան ինքնուրույն է վարում գործընթացը Հարավային Կովկասում, և ընդհանուր առմամբ նրան առանձնապես պետք չեն ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը, ամեն դեպքում՝ նա այս կամ այն կերպ փորձում է մերժել նման միջամտության փորձերը։ Ուշագրավ է, որ ընդհանուր առմամբ Մոսկվան դժկամությամբ է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Այդ տեսանկյունից, իհարկե, Ֆրանսիան որոշակի դժգոհություն է հայտնում։ Նկատեմ, որ ըստ իմ տեղեկությունների՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հունվարի 11-ին կայանալիք հանդիպման մասին իմացել է շատ պատահական՝ դեկտեմբերի վերջին, և նա Մոսկվային հարցադրում էր անում այս հանդիպման բովանդակության մասին ու ընդհանուր առմամբ կարծես ինչ-որ դժգոհություն էր դրսևորում այն փաստից, որ Փարիզը ներգրավված չէր նախապատրաստական աշխատանքներում։

Մի խոսքով, վերադառնալով արդյունքներին, որոնք կարելի է ակնկալել՝ ամենայն հավանականությամբ ու լավագույն դեպքում կընդունվի հայտարարություն։ Դժվար է ասել՝ կլինի՞ դա, այսպես ասած, բովանդակային, և որքանո՞վ կլինի բովանդակային, բայց ակնհայտ է, որ կան մի շարք խնդիրներ, որոնք այսօր շարունակում են չլուծված մնալ հրադադարի արդյունքում, որն, ինչպես հիշում եք, բավականին հրատապ կնքվեց։ Բայց պարզ է, որ Երևանն առաջին հերթին շեշտում է գերիների փոխանակման անհրաժեշտությունը, և սա հասկանալի է, այո, սա հումանիտար խնդիր է, որը հուզում է հայկական կողմին։

Բայց ես կնշեի, որ ռուսական կողմն անհանգստացած է անհամեմատ ավելի մեծ թվով խնդիրներից, որոնք ինչ-որ կերպ խոչընդոտում են Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունակությունը։ Նկատի ունեմ, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը Ղարաբաղում դեռ ամբողջությամբ հստակեցված չէ։ Օրինակ՝ կարգավիճակի վերաբերյալ այդպիսի փաստաթուղթ արդեն ձեռք է բերվել Մոսկվայի և Երևանի միջև, մինչդեռ Մոսկվայի և Բաքվի միջև չկա այդպիսի պայմանավորվածություն, չկա հուշագիր, որը կցանկանար տեսնել Մոսկվան, և Բաքուն առհասարակ մինչ այս պահը խուսափում է այն ստորագրելուց։

Որքան ես գիտեմ, Բաքուն կցանկանար լիակատար վերահսկողություն ստանալ Լեռնային Ղարաբաղի մուտքի բոլոր կետերի նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանից։ Այո, Բաքուն կցանկանար Ղարաբաղում գտնվող հայ զինվորների ամբողջական զինաթափում, ակնհայտորեն՝ թե՛ աշխարհազորի, թե՛ փաստորեն բուն Հայաստանի զինվորների։ Բաքուն կցանկանար մասնակցել Լեռնային Ղարաբաղի նույնիսկ այդ հատվածի կառավարմանը, որն այսօր գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Չեմ կարծում, թե Մոսկվան լիովին պատրաստ է ընդունել նման հավակնությունները, որովհետև եթե դրանք ամբողջությամբ ընդունվեն, ապա, ըստ էության, ի՞նչ է անելու այնտեղ ռուսական խաղաղապահ կորպուսը, ի՞նչ գործառույթներ են մնալու դրան՝ բացառությամբ զուտ մարդասիրական գործառույթների, այսպես ասած՝ շինարարություն, սնունդ, ջուր և այլն։

Այնտեղ բավականին շատ խնդիրներ կան, որոնք հավանաբար պետք է քննարկվեն, նաև հարցեր՝ կապված Թուրքիայի ներկայության հետ, Թուրքիայի, այսպես ասած, իր բաժնի վերաբերյալ հավակնությունների հետ, որը Անկարան կցանկանար ստանալ այս պատերազմի արդյունքում։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 10-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG