Մատչելիության հղումներ

Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, պնդում է Վազգեն Մանուկյանը


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի փոխանցմամբ` ԱԱԾ տնօրենն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խուսափել են շարժման ներկայացուցիչների հետ հանդիպումից:

Նախօրեին Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել Ֆեյսբուքով՝ մտահոգություն հայտնելով, որ երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, և պահանջում էր հանդիպում արտգործնախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Երեկ կայացավ հանդիպում արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդյունքները կարող է վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։

Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո», - ասված է Վազգան Մանուկյանի հայտարարության մեջ:

Այսօր պաշտոնապես հաստատվեցին տեղեկությունները, որ վարչապետ Փաշինյանը վաղը մեկնում է Ռուսաստան, որտեղ նախատեսված է եռակողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ:

XS
SM
MD
LG