Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դեմ


Ռուսաստանի քննչական կոմիտեն երեկ երեկոյան հայտարարեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ քրեական նոր գործ բացելու մասին։ Այս անգամ Ռուսաստանի իրավապահները գործ են բացել առանձնապես մեծ չափի հափշտակության մեղադրանքով։

Քննչական կոմիտեի վարկածով` Նավալնին 588 միլիոն ռուբլի նվիրատվություն է ստացել շահույթ չհետապնդող հիմնադրամների գործունեության համար, բայց այդ գումարից 356 միլիոն ռուբլին ծախսել է իր անձնական կարիքների համար, ներառյալ հանգստացել է արտասահմանում։

Նավալնին սոցցանցերում պատասխանել է այդ մեղադրանքին` գրելով, թե չէր էլ կասկածում, որ Ռուսաստանի իշխանությունները կփորձեն նստացնել իրեն, քանի որ թունավորումից չի մահացել։ Իր դեմ սարքած գործի հարուցումը նա համարել է «պուտինյան հիստերիա»։

Ալեքսեյ Նավալնին Բեռլինի հիվանդանոցում բուժվելուց հետո վերականգնողական կուրս է անցնում Գերմանիայում։ Ամռանը նա Գերմանիա էր տեղափոխվել անգիտակից վիճակում։ Գերմանիան, արևմտյան մի շարք երկրներ, հիմք ընդունելով մի քանի լաբորատորիաների հետազոտությունների արդյունքները, պնդում են, որ անցած օգոստոսին Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» քիմիական նյութով։ Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ իրեն թունավորել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։

Ռուսաստանի իրավապահները հրաժարվել են Նավալնիի թունավորման հետ կապված քրեական գործ հարուցել` հայտարարելով, թե թունավորման ապացույցներ չկան։

XS
SM
MD
LG