Մատչելիության հղումներ

Մերկելը «Շարիտե» հիվանդանոցում այցելել էր Նավալնիին


Գերմանիա - Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Բեռլինում, 23-ը սեպտեմբերի, 2020թ.

Գերմանական լրատվամիջոցները պարզել են, որ կանցլեր Անգելա Մերկելը գաղտնի պայմաններում այցելել էր Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում բուժումը շարունակող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel-ը:

Նավալնին հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հանդիպումը ոչ թե գաղտնի էր, այլ մասնավոր: «Մասնավոր հանդիպում և զրույց ընտանիքի հետ», - մեկնաբանել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը։

Բեռլինյան հիվանդանոցում Նավալնին բուժում է ստացել 32 օր, որից երկու շաբաթը՝ կոմայում: Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ նա թունավորվել է «Նովիչոկ» տեսակի նյութով:

Սեպտեմբերի 22-ին Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն վերականգնողական բուժումը Գերմանիայում շարունակվում է:

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները կոչ են անում Ռուսաստանին հետաքննել Նավալնիի վրա հարձակումը: Ռուսաստանում, սակայն, պնդում են, որ քրեական գործ հարուցելու համար հիմքեր չկան, քանի որ հայրենիքում Նավալնիի բուժզննման արդյունքում թույնի հետքեր չեն հայտնաբերել:

XS
SM
MD
LG