Մաքսային տեսուչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար, քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը։
Ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Գարիկ Փիլիփոսյանը, զբաղեցնելով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը, ՀՀ քաղաքացի Վարդան Հովհաննիսյանի կողմից ապօրինի ճանապարհով ապրանքների ներմուծումը չկանխելու և թույլ տրվող մաքսային իրավախախտումները չարձանագրելու համար նրանից ստացել է կաշառք, ինչպես նաև նրա դրդմամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները»:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Հովհաննիսյանը, տեղեկացված լինելով, որ գործող օրենսդրության համաձայն՝ մեկ քաղաքացու անվամբ մինչև 25 կգ ուղեբեռը ներմուծվում է առանց մաքսազերծման, 2019 թվականին վաճառքի նպատակով կազմակերպել և իրականացրել է նշված չափաքանակը գերազանցող հագուստների ու կենցաղային իրերի ներմուծումը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր չհանդիսացող Թուրքիայից, սակայն օրենքով նախատեսված մաքսային վճարներից խուսափելու նպատակով հավաքագրել է մի խումբ անձանց, որոնց միջև նշված ապրանքները բաժանել է 25 կգ-ը չգերազանցող չափաքանակներով և մաքսակետում դրանք ձևականորեն հայտարարագրել նրանց անուններով:
Մաքսային տեսուչ Փիլիփոսյանը, տեղյակ լինելով Հովհաննիսյանի կողմից վերը նշված եղանակով ապրանքներ ներմուծելու մասին, 2019-ի սեպտեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրել է վերջինիս կողմից մեծաքանակ ապրանքների ներմուծումը այլ անձանց անուններով և առանց մաքսային վճարների, որի դիմաց, ըստ Հատուկ քննչական կոմիտեի, Հովհաննիսյանից անձամբ ստացել է կաշառք:
Գարիկ Փիլիփոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար, իսկ Վարդան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի և 312-րդ հոդվածի 1-ին մասերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և մաքսային տեսուչին կաշառք տալու համար:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: