Մատչելիության հղումներ

Հանրահավաքին զինված հեղաշրջում կատարելու կոչ արած անձին կալանավորելու միջնորդությունը մերժվել է


Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան, արխիվ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան, արխիվ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է օրեր առաջ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու և արյուն թափելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դատարանն այս որոշումը կայացրել է՝ ըստ էության, մի իրավիճակում, երբ հրապարակում հայտարարությունն արվել է ուղիղ և բաց տեքստով, առանց այլևայլությունների, առանց որևէ երկիմաստության, մեկնաբանելիության տեղ չթողնելով։

Դատարանն այս որոշումը կայացրել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է պատերազմից հետո հանրապետությունում մեծ թվով ապօրինի զենք, զինամթերքի առկայությունը, ինչը փաստվել է տասնյակ նման դեպքերի բացահայտմամբ, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով և բազմաթիվ ներգրավված մեղադրյալներով։

Դատարանը համարել է, փաստորեն, որ այդ ամենը զենքի կիրառմամբ հանցագործությունների, այդ թվում նաև սահմանադրական կարգի տապալման, իշխանության հնարավոր բռնազավթման համար որևէ ռիսկ իր մեջ չի պարունակում և նմանատիպ հայտարարությունները, օրինակ, չեն կարող որևէ պարագայում դետոնատորի դեր կատարել։ Եվ դա՝ պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ երկրում ստեղծված քաղաքական գերլարվածության պայմաններում, փոխադարձ ատելության, տողատակային կամ երբեմն ուղղակիորեն արտահայտվող բռնությունների կամ բռնությունների կիրառումն արդարացնող կոչերի ֆոնին», - գրել է Աբրահամյանը` հավելելով, թե նախաքննական մարմինների, դատախազության կողմից ներկայացվող նման միջնորդությունները հետևողականորեն մերժվելու ընդգծված և անթաքույց մոտեցում է ցուցաբերվում։

Միաժամանակ դատախազի խորհրդականը տեղեկացրել է, որ դատախազությունը որոշմանը ծանոթանալուց հետո, ըստ ամենայնի, կբողոքարկի այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG