Մատչելիության հղումներ

Հայաստանը Ռուսաստանը սիրող երկրների առաջին եռյակում է` համաձայն հարցման


Երևան, Հայաստան, արխիվ
Երևան, Հայաստան, արխիվ

Հայաստանը Ռուսաստանը սիրող երկրների առաջին եռյակում է։

Ո՞ր երկրներն են ամենից շատ սիրում Ռուսաստանը, հարցումը անցկացրել է «Ռոսսոտրուդնիչեստվան»։ Առաջին հորիզոնականում Տաջիկստանն է, երկրորդը՝ Սերբիան։ Հայաստանը երրորդ հորիզոնականում է։ Բացի այս երեք երկրներից, առաջին տասնյակում են Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սիրիան, Ուկրաինան, Բուլղարիան և Չինաստանը։

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն այս ցուցակում չկա, փաստորեն նույնիսկ ուկրաինացիներն ավելի շատ են սիրում Ռուսաստանը, քան ադրբեջանցիները։ Կանե՞ն հետևություն Ռուսաստանի իշխանությունները, թե՞ ոչ, հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, որ ռուսաստանյան ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ ՛՛Ведомости՛՛-ի ընթերցողները տարվա քաղաքական գործիչ են ընտրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ընդ որում, սա հենց ընթերցողների ընտրությունն է. թերթի խմբագրությունն անցնող տարվա քաղաքական գործիչ է հռչակել ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին:

Ռուսաստանյան թերթի գնահատմամբ՝ իշխանությունը ժառանգությամբ ստացած Ալիևը կարող է կոչվել միակ առաջնորդը, որի բանակը 2020-ին հասել է համոզիչ ռազմական հաղթանակի։ Այդ հաղթանակի համար Ադրբեջանը երկար ճանապարհ է անցել` վերազինման համար ծախսելով առնվազն 20 մլրդ դոլար (նրանցից Ռուսաստանին բաժին է ընկել մոտ 5 մլրդ դոլար, ոչ պակաս՝ Իսրայելին)։ «Երկրորդ ղարաբաղյան պատերազմում զոհվել է 2783 ադրբեջանցի զինծառայող, և սա ընդունելի գին է` տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության համար, ինչքան էլ ցինիկաբառ սա չնհչի, - գրում է ՛՛Ведомости՛՛-ին։

Թերթի խմբագրությունը նաև շեշտում է, որ ՄԳԻՄՈ-ի շրջանավարտ Ալիևը և նրա շրջապատն ամուր կապեր ունի ոչ միայն թուրքական, այլև ռուսական էլիտաների հետ։

՛՛Ведомости՛՛-ի տարվա քաղաքական գործիչների ցանկում (short list) են նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Բելառուսի նախագահները։

Ռեջեփ Էրդողանի մասին, թերթը, մասնավորապես գրում է․ «Թուրքիայի անզուսպ առաջնորդը, որին ավելի ու ավելի հաճախ անվանում են նոր սուլթան, 2020-ին տեսանելի հաջողությամբ շարունակել է իր «զրո հարևաններ առանց խնդիրների» քաղաքականությունը, որը փոխարինելու է եկել իր նախագահության առաջին կեսի «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությանը։

2020 թվականին սուլթանը հարձակվել է տարբեր ուղղություններով` Սիրիայում` Իդլիբում։ Դե, իսկ տարեվերջին Թուրքիան գրեթե բաց տեսքով ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին և հնարավոր դարձրեց Ադրբեջանի հաղթանակը»։

«Ընդ որում», - գրում է թերթը, - «Էրդողանը չի վախենում ընդհարումներից ոչ ՆԱՏՕ-ի հետ, որի անդամն է, ոչ էլ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ»։

Հետաքրքիր է, որ ռուսաստանցի փորձագետները գրեթե միաձայն ասում էին, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը ոչ այնքան Ադրբեջանի հաղթանակն էր և Հայաստանի պարտությունը, որքան Թուրքիայի հաղթանակը և Ռուսաստանի պարտությունը, ընդ որում նկատի ունենալով թե՛ ռազմական, թե՛ դիավանագիտական պարտությունը։

Պաշտոնական Մոսկվան, սակայն, բոլոր հարթակներից հայտարարում է, որ նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված եռակողմ համաձայնագիրը Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի մեծ հաղթանակն է։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը կարևորագույն իրադարձություններից մեկն է ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մասշտաբով։

Հիշեցնենք՝ համաձայնագրում խոսք անգամ չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին, բացի այդ, կան կետեր, որոնց իրագործումը կողմերը տարբեր ձևով են պատկերացնում, սակայն այսօր էլ` համաձայնագրի ստորագրումից մեկուկես ամիս անց, հայտնի չէ, թե երբ են սկսվելու ղարաբաղյան վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները և արդյոք սկսվելու են առաջիկայում։

Միևնույն ժամանակ եկող շաբաթ` դեկտեմբերի 29-ին Սոչիում անցնելու են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց օրակարգի հիմնական հարցերից մեկը Ղարաբաղն է լինելու։

XS
SM
MD
LG