Մատչելիության հղումներ

Իմքայլականներն առաջարկում են մեկ տարով հետաձգել հակածխախոտային օրենքի որոշ դրույթների կիրառումը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Դեռ տարեսկզբին ընդունված օրենքի համաձայն, հունվարի 1-ից կտուգանվեն այն առևտրի կետերը, որոնք ցուցափեղկերում ցուցադրաբար կգովազդեն ծխախոտային արտադրանքները։ Մինչդեռ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ու իշխող «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ օրենքի նոր նախագիծ են մշակել, որով առաջարկում են այդ կետերը 1 տարով հետաձգել, որպեսզի հաշվարկեն տնտեսության վնասը։

Այս առաջարկն Առողջապահության նախարարության և խորհրդարանի միջև վեճի առիթ է դարձել։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ երկրում հազարավոր մեծ ու փոքր խանութներ, փոքրիկ կրպակներ ծխախոտային արտադրանքը գովազդելու համար տարեկան շուրջ 10 մլն դոլար գումար են ստանում, օրինակ, թերթի փոքր կրպակների համար այդ գումարն ամսական մոտավորապես 40 հազար դրամ է։ Եթե օրենքն իր բոլոր դրույթներով ուժի մեջ մտնի՝ տնտեսվարողները կզրկվեն այդ գումարից:

«Այստեղ առաջանում է սոցիալական խնդիր այդ գումարը չստանալու մասով և այդ գումարը մտնում է շրջանառության մեջ, այսինքն՝ տնտեսությունն է ևս խթանվում: Մյուս խնդիրը, որ դրդեց մեզ այս նախագիծը շրջանառելու, բավարար իրազեկվածությունն էր այդ խանութների, կրպակների, քանի որ այսպիսի օրենք ուժի մեջ մտնելուց առաջ կամ դրույթ, պետք է բարձր իրազեկվածություն կարողանաս ապահովել, որ հանկարծ այնպես չստացվի՝ օրենքը մտնի ուժի մեջ, մարդիկ տեղյակ չլինեն և հետո սկսես տուգանել իրենց», - նշեց Զեյնալյանը:

Արդեն ընդունված՝ հակածխախոտային օրենքի որոշ դրույթներ 1 տարով կհետաձգվեն, եթե Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ու իշխող «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների մշակած օրենքի նախագիծն առաջիկայում հրավիրվելիք արտահերթ նիստում ընդունվի։ Առողջապահության նախարարությունը կոչ է անում պատգամավորներին դեմ քվեարկել։

Փոխնախարար Լենա Նանուշյանը երեկ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել էր, որ իրենց միջազգային գործընկերների հետ իրականացրած ուսումնասիրությունների համաձայն, տարեկան 5 հազարից ավելի մահ պայմանավորված է ծխախոտային ռիսկի գործոնով, որ ծխախոտի օգտագործումից առաջացած առողջական խնդիրները բուժելու վրա պետությունը մեծ գումարներ է ծախսում, ու դրանք պետք չէ համեմատել տնտեսական վնասների հետ:

«Բայց հիվանդություններից ոչ բոլորն են, որ ծխախոտի ազդեցությամբ են առաջանում, այսինքն՝ դրվում է այս հիմնավորումը, նշվում է այդ գումարը, որը բավականաչափ մեծ է և այսպես տողատակով ենթադրել է տալիս մարդուն, որ եթե այս օրենքն ամբողջությամբ գործեց, ապա այսքան գումար պետությունը խնայելու է», - ասաց Նարեկ Զեյնալյանը:

Նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը ֆեյսբուքյան էջում նրա անունից հայտարարություն է տարածել. - «Ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում: Հանդգնել է շանտաժի ենթարկել, թեկուզ թուլացած, բայց մի ամբողջ պետության»։ Նախարարը նաև ընդգծել էր, թե իր համար զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծին։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, որ 99 թվականից զբաղվում է հակածխախոտային ոլորտի կարգավորմամբ ու միջազգային փորձագետ է, ասում է՝ իրենց մոնիտորինգը ցույց է տվել, որ շատ տնտեսվարողներ դեռ ամռանն ու աշնանը հիմնականում ցուցափեղկերից հանել էին ծխախոտային արտադրանքները։

«Տուփեր չկային, գովազդ չկար, ոչ մի բան չկար, այսինքն՝ դե ֆակտո այդ օրենքն արդեն մի քանի ամիս գործում է, դե յուրե պետք է մտնի հունվարի 1-ից: Հիմա պարզ է , որ տնտեսվարողը հասկացել է և ընդունել է», - նշեց Բազարչյանը:

Մասնագիտությամբ բժիշկ, իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ասաց, որ այդ դրույթները բովանդակային փոփոխության չեն ենթարկվելու, ընդամենը 1 տարով հետաձգվելու են։ Ասաց՝ օրենքը հենց այդ պայմանով էլ ընդունվել է, որ հետո վիճելի այդ կետերը քննարկվեն, շտկվեն։ Բազարչյանն էլ պնդում է՝ խանութներում ծխախոտային ապրանքները կշարունակեն վաճառվել երեխաների համար նախատեսված ցուցափեղկերին մոտ՝ կոնֆետների, խաղալիքների, մաստակների հետ։ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենն ասաց՝ հանձնաժողովի նիստում իրեն հակադարձել են, որտե՞ղ է խաղալիքների մոտ ծխախոտ վաճառվել. «Եթե ինչ-որ մեկն ասի, որ kinder surprise-ը մեծի ապրանքատեսակ է, իսկ սիգարը երեխայի ապրանքատեսակ է, ու kinder surprise-ը կիրառվում է միայն սիգարի ու խաղալիքն էլ տրվում է սիգար օգտագործողին, կասեմ՝ հա»:

Երեկվա նիստում, երբ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել էր, որ շուրջ 10 մլն դոլար փաստաթղթավորված շրջանառությամբ մտնում է խանութներ ու կրպակներ, Ալեքսանդր Բազարչյանը հարցրել էր՝ իսկ որքա՞ն է չփաստաթղթավորվածը, Թունյան արձագանքել էր՝ չի կարող ասել՝ դա ՊԵԿ-ի գործն է։ Բազարչյանը պետական փաստաթղթում է ուզում գտնել՝ արդյո՞ք ծխախոտային արտադրանքները խանութներում գովազդելու ու վաճառելու համար տնտեսվարողներին տրվող գումարն ամբողջությամբ հարկվում է:

«Թող ցույց տան, բայց դա լինի ոչ թե ծխախոտային ինդուստրիայի կողմից ներկայացված փաստաթուղթ, այլ մի պետական փաստաթուղթ, հասկանանք, էդ ծառայությունը, որ իրենք առաջարկում են կրպակներին, դա հարկվո՞ւմ է», - ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

Սակայն ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հակադարձում է՝ եթե մինչև 2024 թվական օրենքն իր բոլոր դրույթներով գործի՝ նախատեսվում է, որ ծխողների թիվը կնվազի ընդամենը 0,5 տոկոսով։ Դա, նրա կարծիքով, այն արդյունքը չէ, ինչի համար նախարարությունը ցանկանում է կիրառել այս ծայրահեղ խիստ օրենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG