Մատչելիության հղումներ

Թուրքիայի խոշորագույն բանկերը սկսել են ընդունել աբխազական վճարային քարտերը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Բանկային սկանդալ», «անհարգալից վերաբերմունք Վրաստանի տարածքային ամբողջականությանը»․ Թբիլիսիում այսպես են բնութագրում թուրքական բանկային համակարգի վերջին գործողությունները։

Անկարայի և Թբիլիսիի միջև լարվածությունը ծագեց այն բանից հետո, երբ Աբխազիայի Ազգային բանկը երեք օր առաջ՝ դեկտեմբերի 21-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ թուրքական խոշորագույն բանկերից երկուսը՝ Ziraat-ը և Işbank-ը, սկսել են սպասարկել աբխազական կենտրոնական դրամատան կողմից թողարկված АПРА "World" կոչվող քարտերը։ Սուխումիում դրանք, ի դեպ, «Աբխազիայի ազգային վճարային քարտեր» են անվանում։

Վրաստանում այս տեղեկությունը գուցե ավելի հանգիստ ընկալեին, եթե Աբխազիայի հետ համագործակցության մասին հայտարարած չինեին Թուրքիայի խոշորագույն ֆինանսական կառույցները։ 1863 թվականին ստեղծված Ziraat-ը Թուրքիայի խոշորագույն պետական բանկն է։ Այն ավելի քան 24 հազար աշխատակից ունի, 2018 թվականի տվյալներով բանկի տրամադրության տակ գտնվող ֆինանսական ակտիվների ընդհանուր ծավալը գերազանցում էր 500 միլիարդ ամերիկյան դոլարը։

Աբխազական քարտերը սպասարկող մյուս ֆինանսական կառույցը՝ Işbank-ը, Թուրքիայի խոշորագույն մասնավոր բանկն է, այն ավելի քան հազար մասնաճյուղ ունի Թուրքիայում և արտերկրում, 2019 թվականին բանկի եկամուտը գերազանցել է 24 միլիարդ դոլարը։

«Ֆինանսական նման հսկաների համագործակցությունը Աբխազիայի հետ չի կարող չվնասել Վրաստանի շահերին», - նախօրեին Թբիլիսիում հրավիրված ասուլիսի ժամանակ պնդել է վրացական ընդդիմության վետերաններից մեկը՝ լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին՝ վրացական իշխանություններից պահանջելով դիմել կտրուկ քայլերի։

«Փաստորեն, այս քայլով, Թուրքիան ճանաչում է Աբխազիայի անկախությունը։ Սա թշնամական, ոչ բարեկամական քայլ է։ Վրաստանի արտգործնախարարությունը պետք է հստակ բացատրություններ պահանջի թուրքական կողմից։ Աբխազական քարտերը սպասարկող թուրքական բանկերի դեմ հարկավոր է կիրառել այն պատժամիջոցները, որոնք սահմանված են ամերիկյան օրենսդրությամբ։ Բացի այդ հարկավոր է արգելել թուրքական ապրանքների տարանցիկ փոխադրումները Վրաստանի տարածքով», - հայտարարել է Նաթելաշվիլին։

Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ 2019-ին երկու երկրներին միջև ապրանքաշրջանառությունը գրեթե երկու միլիարդ դոլար է կազմել։ Վերջին տարիներին թուրքական ընկերությունները Վրաստանի տարածքում 250-ից ավելի ներդրումային ծրագրեր են իրականացրել՝ 4 միլիարդ 800 միլիոն դոլար ընդհանուր ծավալով։ Բացի այդ մշտապես մեծ է եղել Վրաստան ժամանող թուրք զբոսաշրջիկների թիվը՝ 2019-ին դրանց թվաքանակը գերազանցել է մեկ միլիոնը։

Այս ամենը հաշվի առնելով էր, որ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները երեկ ողջ օրվա ընթացքում խորհուրդ էին տալիս ընդդիմադիր գործիչներին զերծ մնալ Անկարայի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց։

«Նման հայտարարությունների կարիք պարզապես չկա։ Թուրքական պետության դեմ նման հրապարակային հայտարարությունները վնասակար են, այդ հայտարարությունները հեղինակներին էլ հազիվ թե դրանք միավորներ ապահովեն։ Նաթելաշվիլիին խորհուրդ կտայի որևէ թեմայի անդրադառնալուց առաջ առնվազն ուսումնասիրել այն», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Դավիթ Սերգեենկոն։

Բայցևայնպես ակնհայտ էր, որ վրացական պետական մարմիններին աբխազական բանկային քարտերի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգում է։ Նախ, թուրքական կողմին պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու խնդրանքով դիմեց Վրաստանի կենտրոնական բանկը։

«Մեր ունեցած նախնական տեղեկությունների համաձայն, խոսքը Վրաստանի տարածքում արտոնագիր ունեցող բանկերի մասին չէ։ Ամեն դեպքում մենք դիմել ենք թուրքական կողմին՝ հավելյալ պարզաբանումների ակնկալիքով», - երեկ նշում էր Վրաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Կոբա Գվենետաձեն։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին, փորձելով մեղմել ծագած սկանդալը, հանդես եկավ հայտարարությամբ, պնդելով, որ տեղի ունեցածի իրական մեղավորը Ռուսաստանն է։

«Այսպես կոչված աբխազական ազգային քարտը իրականում ռուսական МИР վճարային համակարգի մի մասն է։ Դրանք սպասարկող բանկերը տեխնիկական խնդիրների են բախվում, երբ փորձում են պարզել, թե այս կամ այն բանկային քարտը հատկապես որ տարածաշրջանին է կցված», - նշել է վրացական արտգործնախարարությունը՝ պնդելով նաև, որ վիճահարույց քարտերի թողարկմամբ Ռուսաստանը պարզապես փորձում է Աբխազիան որպես անկախ պետություն ներկայացնել։

Եվ չնայած Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին, Վրաստանի արտգործնախարարությունը հարկ համարեց պարզաբանումներ պահանջել նաև թուրքական կողմից։ Չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, Վրաստանի ԱԳՆ էր հրավիրվել Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը։

«Այսօր այստեղ, իմ գործընկերների հետ ես քննարկում էի մի խնդիր, որն իրականում գոյություն չունի։ Սա ևս մեկ վկայությունն է այն բանի, որ կեղծ, չհաստատված տեղեկությունները կարող են խնդիրներ ստեղծել», - հայտարարել է Թուրքիայի դեսպանը՝ այնուհանդերձ ընդունելով, որ Աբխազիայում թողարկված քարտերի հետ կապված ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։

«Այս հարցը դեռ օրակարգում է և վերաբերում մի խումբ ռուսական բանկային քարտերի, որոնք իրենց հաճախորդներին ծառայություններ են առաջարկում նաև Թուրքիայի տարածքում։ Այդ ռուսական կառույցները կարող են և պայմանագիր ունենալ Սուխումիում գործող ինչ-ինչ ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնք, սակայն, Թուրքիայում աշխատելու իրավունք չունեն», - ընդգծել է թուրք դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG