Մատչելիության հղումներ

Թումանյանցիներին զայրացրել է իրենց անունից տարածված հայտարարությունը


Վանաձորի քաղաքապետարանը շենքը

Թումանյանի համայնքապետ Լևոն Զավարյանը համայնքապետարանի բոլոր 28 աշխատակիցների անունից իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին։

Հայտարարության մեջ համայնքապետը նշել է. «Թումանյանի հանայնքապետարանի աշխատակազմը ևս միանում է Սյունիքի, Շիրակի և մյուս մարզերի համայնքների կոչին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, փրկելու Հայաստանի և հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը»։

Համայնքապետարանում տեղեկացանք, որ երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածած համայնքապետ Լևոն Զավարյանը վարակվել է կորոնավիրուսով և երկուշաբթի օրվանից հիվանդանոցում է բուժում ստանում։ Այսօրվանից կորոնավիրուսով վարակվելու պատճառով բացակայում էր նաև նրա տեղակալը։

Ներկա բոլոր աշխատակիցներն ասացին, որ ֆեյսբուքից են տեղեկացել իրենց անունից արված հայտարարության մասին, սակայն հրաժարվեցին որևէ մեկնաբանությունից։

Աշխատակազմի քարտուղար Ռուզաննա Շահվերդյանը ասաց, որ համամիտ է իր ղեկավարի հետ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ է, թեև հրաժարվեց հարցազրույցից։

Մինչդեռ Թումանյանի բնակավայրեր հանդիսացող Շամուտ, Աթան և Ահնիձոր բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք ևս համայնքապետարանի աշխատակազմի անդամներ են, ասացին, որ ոչ միայն նման հայտարարություն անելուց առաջ համայնքապետարանում չեն հարցրել իրենց կարծիքը, այլև համայնքի ղեկավարն ու նրա ենթակաները վստահ են եղել, որ իրենք վարչապետի հրաժարականի պահանջ չունեն։

«Էդ մարդու հրաժարականին որ ասեմ կողմ եմ ես, կողմ չեմ», - «Ազատությանն» ասաց Շամուտի վարչական ղեկավար Բաղիշ Վանյանը։

«Մարդիկ դեմ չեն մեր ներկայիս վարչապետի կառավարմանը, մարդիկ կողմնակից են Փաշինյանին», - ասաց Աթանի վարչական ղեկավար Կարեն Քառյան։

Իսկ Ահնիձորի վարչական ղեկավար Հայկ Քառյանը հավելեց․ - «Չգիտեմ ֆեյսբուքյան էջում իմ անունը նշել են թե չէ, բայց ես պարոն Փաշինյանի կողմնակից եմ, ու դա էլի ասվել ա»։

Շուրջ կես տարի Թումանյան համայնքն ավագանի չունի։ Դեռ ամռանն ավագանու անդամները մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ այլևս անհնար է աշխատել գործող համայնքապետի օրոք, հրաժարական ներկայացրին, վայր դրեցին մանդատներն ու ավագանին լուծարվեց։ Հաջորդ տարեսկզբին կլրանա խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը։ Նա դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններին այլևս չի առաջադրվի։ Նախատեսվում է, որ համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրությունները միաժամանակ տեղի կունենան։

Ավագանու արդեն նախկին անդամ Տիգրան Մխիթարյանը, որը նույնպես հրաժարվել էր ավագանու անդամությունից համայնքի ղեկավարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով, վստահ է, որ Լևոն Զավարյանը չի արտահայտել ոչ միայն համայնքի բնակիչների մեծամասնության, այլ անգամ համայնքապետարանի բոլոր աշխատակիցների կարծիքը․ - «Մարդկանց ահռելի մեծամասնությունը, ես դա կարող եմ ասել 70 և ավելի տոկոսի մասին, իրանք կողմ չեն վարչապետի հրաժարականին կամ, ասենք, կառավարության հրաժարականին։ Իսկ էս դեպքում դառնում ա, որ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը ժողովրդից կտրված հայտարարություն ա կատարել»։

Երեկ Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջում ևս վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին հայտարարություն էր տեղադրված՝ համայնքի ղեկավարի և ավագանու 6 անդամի անունից։ Այս հայտարարությունը երեկվանից դժգոհության ալիք է բարձրացրել Սպիտակում։

Սպիտակցիներն իրար հետևից հայտարարությունը դատապարտող գրառումներ են անում իրենց ֆեյսբուքյան էջերում։ Այսօր արդեն հայտարարություն տարածվեց, որ վաղը բնակիչները համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ կսկսեն։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին համայնքապետը չդիմավորեց Սպիտակ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երկրի և համայնքի ղեկավարները կես ժամվա տարբերությամբ ծակիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակի հուշաքարին։

XS
SM
MD
LG