Մատչելիության հղումներ

Անհետ կորածների հարազատներն ընդդիմադիրներից պահանջում են ակցիաների դադար, իշխանությունից` գործողություններ


Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ընդդիմադիրներից պահանջում են դադարեցնել ամենօրյա ակցիաները: Երկու, անգամ երեք ամսից ավելի տղաներից լուր չստացած հարազատները հույս ունեն դեռ` միգուցե իրենց որդին ողջ է, թեկուզ գերի. «Էնտեղ երեխաները սառել են, վիրավոր են, կան-չկան, կարող է մենք մի ժամ շուտ գնանք, բերենք, մեր երեխեքին ողջ բերենք: Մի հատ ուշքի եկեք, էտ ի՞նչ ա կատարվում»:

Համոզված են` որոնողական աշխատանքները նաև ընդդիմադիրների քաղաքական ակցիաների պատճառով են հետաձգվում: Ռոման Գևորգյանը 20-ամյա որդուց հոկտեմբերի 5-ից ոչ մի տեղեկություն չունի, վերջին անգամ այդ ժամանակ էին խոսել տղայի հետ: Որդին հունվարի 5-ին էր զորացրվելու. «Եկել եք, աթոռի կռիվ եք անում, արա, ձեր աթոռը մնա ձեզ, հեռու գնացեք մեր ճամփեքից, ճամփա բացեք, մի խառնեք էս ազգին ձեր աթոռակռվի հետ, որ այսօր թուրքն էնտեղից ճամփա բացի, մեր երեխեքին թողի, գան: Էսօր էտ գերիները, որ չեն թողնում գան, ձեր մեղքն է, դուք եք էտ ամեն ինչի պատասխանը տալու, որովհետև էսօր թուրքն ուրախանում է, որ դուք էստեղ ուզում եք իրար գզեք, մի րոպե շուտ սաղս վերանանք: Էսօր ուրախանում ա թուրքը դրանով»:

Ծնողներն ասում են` իրենք կապ չունեն որևէ քաղաքական ուժի հետ, իրենց համախմբողն ընդհանուր ցավն է. «Այսօր սաղս սգի մեջ ենք, օրական Եռաբլուրում հերոս են թաղում, գոնե մարդ եղեք, մեջներդ մարդկություն եղեք, վերացրեք էտ ձեր աթոռակռիվը: Մենք չենք ուզում, մենք ուզում ենք` հեռու մնաք, ճամփեքը բացվի», - ասում է Ռոման Գևորգյանը:

Շաբաթներ շարունակ անքուն, սպառված՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, բոլոր հնարավոր միջոցներով իրենց որդիներին են փնտրում։ Ապարդյուն։ Նաև իշխանություններին են մեղադրում անգործություն համար: Ամալյա Աբաջյանը 90 օր է՝ չգիտի՝ որդին ողջ է, թե չէ, և արդեն ու՞մ դիմի` տղայի մասին որևէ տեղեկություն իմանալու համար. «Աղաչում եմ մեր բոլոր իշխանություններին, մեր երեխեքին, իրենք էլ շահագրգռված լինեն, ճիշտ է` ասում են` աշխատում ենք, բայց մենք չենք տեսնում որպես ծնող ոչ մի աշխատանք իշխանության կողմից, որ մեր երեխեքի համար մի բան արվում է, ու էտ երեխեքից գոնե մի լուր իմանում ենք, ոչ մի փաստ չի փաստում, որ երեխան վերջին անգամ ամսի քանիսին է որպես զինվոր հաշվառվել»:

Թե քանի անհետ կորած կա պատերազմի հետևանքով, առայժմ պաշտոնական թվեր չկան։ Անհետ կորածների ծնողները, հարազատները ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով պետական գերատեսչություններից իրենց տղաների մասին տեղեկություն հաղորդել՝ ողջ են, գերի, թե մահացած։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG