Մատչելիության հղումներ

«Աշխարհը մտել է անօդաչու թռչող սարքերի՝ դրոնային պատերազմի դարաշրջան»


Իսրայելական անօդաչու թռչող սարք, արխիվ

«Աշխարհը մտել է անօդաչու թռչող սարքերի՝ դրոնային պատերազմի դարաշրջան», - գրում է Foreign affairs հանդեսը, փաստելով՝ «վերջին բախումները, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմը, ցույց տվեցին, թե որքան վտանգավոր են դրանք ու գայթակղիչ՝ նորանոր հակամարտություններ սկսելու համար»։

«Էժան, խոցելիության առումով՝ առավել անվտանգ այդ սարքերը, զրահատեխնիկայի և հրետանու համակցությամբ, հնարավորություն են տալիս հասնել իրական ձեռքբերումների․ Ղարաբաղի, Լիբիայի, Սիրիայի և Ուկրաինայի վերջին բախումները, որոնցում դրոններ էին կիրառվել, ցույց տվեցին, որ դրանց նույնիսկ պարզագույն մոդելները կարող են ռազմական հաղթանակ բերել ու վերաձևել աշխարհաքաղաքական իրադրությունը», - գրում է ամերիկյան պարբերականը։

Այս փաստը, ըստ էության, շատերն են հասկացել․ եթե 2015-ին իրենց զինանոցում անօդաչու թռչող սարք ուներ ութ պետություն, ապա այսօր՝ հինգ տարի անց, անօդաչու ունի արդեն երկու անգամ ավելի շատ երկիր՝ մոտ երկու տասնյակը։ Մեծ մասը, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը, Ղազախստանը, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը, իրենց դրոնները գնել են Չինաստանից։ «Ի հայտ են եկել նոր խաղացողներ, որոնք կարող են օգտագործել այս սարքերի ընձեռած հնարավորությունները՝ տարածքներ նվաճելու կամ նախկինում սառեցված հակամարտությունները բորբոքելու համար», - զգուշացնում է Foreign affairs-ը։

Շուրջ հարյուր տարի առաջ հիմնադրված պարբերականը, որ տասնամյակներ շարունակ հետևում է միջազգային իրադարձություններին ու հակամարտություններին, վերլուծում է՝ որոնք են այդ նորագույն զինատեսակի հիմնական առավելությունները։

Նախ՝ գինը․ անօդաչու թռչող սարքերը շատ ավելի էժան են, քան օդանավերը կամ՝ հարձակողական սպառազինությունները։ Ռուսաստանյան S-400 զենիթահրթիռային համակարգն, օրինակ, արժե 300 միլիոն դոլար, «Պանցիրը»՝ 14 միլիոն։ Մինչդեռ թուրքական «Բայրաքթարը», առավելագույն դեպքում՝ միայն 5 միլիոն, իսկ դրա հրթիռը, որը լայնորեն օգտագործվում էր Ղարաբաղում՝ ընդամենը 100 հազար դոլար։ «Եվ քանի որ դրոններն էժան են, հակամարտող երկրները կարող են ձեռք բերել դրանք այնքան, որքան կպահանջվի հակառակորդի պաշտպանությունը խոցելու համար։ Մեծաքանակ կիրառման դեպքում կարող են շարքից հանել անգամ ամենահզոր պաշտպանությունը», - փաստում է Foreign affairs -ը։

Փորձագետներն այս ռազմավարության ականատեսը դարձան Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը վերջերս օգտագործեց 1940-ականներին արտադրված An-2 ինքնաթիռները՝ որպես խայծ։ «Դրանք ստիպեցին հայկական ռադարներին գործարկել հակաօդային պաշտպանության համակարգը և բացահայտել դրանց տեղակայման կոորդինատները։ Ունենալով այդ տվյալները՝ ադրբեջանական բանակը շարքից հանեց հայկական ՀՕՊ-ը՝ հեռվից կառավարվող իսրայելական Harop դրոնների օգնությամբ», - փաստում է հեղինակավոր հանդեսը, արձանագրելով՝ «անշուշտ, Ադրբեջանը այս գործողության ժամանակ խորհրդային տարիներին արտադրված այդ երկու օդանավը կորցրեց, բայց փոխարենը կարողացավ ճեղքել հայկական օդային պաշտպանությունը»։

Վերջին բախումները նաև ցույց տվեցին, որ դրոնները կարող են ավելի երկար կյանք ունենալ, քան փորձագետները կարծում էին նախկինում։ «Ռուսական օդային պաշտպանության բարդ համակարգերը, օրինակ, S-300-ն ու փոքր հեռահարության Pantsir-ը զարմանալիորեն խոցելի դուրս եկան Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում։ Բոլոր այդ հակամարտություններում անօդաչու թռչող սարքերը կարողանում էին դուրս մնալ ռադարներից՝ օգտվելով ՀՕՊ հին համակարգերում առկա բացերից, որոնք ծրագրավորվել էին ավելի մեծ օդանավերի համար։ ԱԹՍ-ները ռուսական մի քանի «Պանցիր» ոչնչացրեցին Լիբիայում ու Սիրիայում, իսկ հայաստանյան հին համակարգը ուղղակի խաղուպար էր նրանց համար», - գրում է Foreign affairs -ը։

Եվ, երրորդ կարևոր փաստարկը՝ ԱԹՍ-ները կարող են լիովին փոխել պատերազմի տրամաբանությունը։ «Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում բանակը, որպես կանոն, ծանր հրետանին ու զինտեխնիկան տեղակայում էր ամրացված դիրքերում, որպեսզի դրանք տեսանելի չլինեն դրոնների համար։ Չկարողանալով դուրս գալ այդ՝ առավել հուսալի դիրքերից, զինտեխնիկան փաստացի չէր կարողանում մասնակցել բանակի հարձակողական գործողություններին՝ այդ առավելությունը տալով հակառակորդին։ Բացի այդ, հանկարծակի հայտնվող անօդաչուները նաև վտանգի տակ էին դնում և դժվարացնում բանակի համալրումն ու պահուստների տեղաշարժը անգամ՝ հուսալի թվացող վայրերում»։

«Արդեն ակնհայտ է, որ նույնիսկ այսօրվա՝ չկատարելագործված, պարզ դրոնները ունակ են խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանային հակամարտություններում, և առաջխաղացման նոր հնարավորություններ բացել մարտի դաշտում», - փաստում է հեղինակավոր հանդեսն, ընդգծելով՝ սարսափեցնող է, որ տասը երկրներից ինը, որոնք պատրաստվում են հիմա անօդաչուներ ձեռք բերել, տարածքային սառեցված հակամարտություն ունեն, կամ՝ ներքին բախումներ։ «Միջազգային համայնքը կարող է շուտով ականատես դառնալ պատերազմների նոր փուլի՝ որի շարժիչ ուժը կդառնա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գործածությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG