Մատչելիության հղումներ

Պուտինը շեշտում է, որ հայկական և ադրբեջանական ուժերը «մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը»


Նոյեմբերի 9-ին փաստաթղթի համաձայն, հայկական և ադրբեջանական ուժերը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը։ Այսօր ամենամյա մեծ ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե արդյոք հայկական զինված ուժերը պետք դուրս գան Ղարաբաղի՝ հայկական մնացած հատվածից, և նրանց փոխարինեն ռուս խաղաղապահները, ինչպես կարծում են Ադրբեջանում։

Վլադիմիր Պուտինը այսօր նաև անդրադարձել է Արցախի կարգավիճակին՝ շեշտելով հերթական անգամ, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միջազգային նորմերի համաձայն, Արցախը Ադրբեջանի տարածքն է։

«Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, և այս առումով, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսնակյունից Արդբեջանի տարածքն է», - ասել է Պուտինը։

Այդուամենայնիվ Ռուսաստանի նախագահը պարբերաբար շեշտում է, այսօր էլ շեշտել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում։ Այն դեպքում, երբ պատերազմից հետո թե՛ Բաքուն, թե՛ Անկարան հայտարարում են, որ օրակարգում ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չկա ու չի լինելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ խոսեց մինչև պատերազմը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքրորոշման մասին, որը հայտնի է որպես «Լավրովի պլան»․ - «Մեր դիրքրորոշումը տարիներ շարունակ անփոփոխ էր․ յոթ շրջանները պետք վերադարձնել Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնել ապագաայի համար՝ ֆիքսելով ստատուս քվոն։ Իհարկե՝ ապահովելով Ղարաբաղի կապը Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով»։

ՏԱՍՍ-ի լրագրողը Պուտինին նաև հարցրեց Հադրութում արձանագրված հրադադարի խախտումների, Հադրութի շրջանի հայկական կողմում մնացած գոյւղերի հետ կապված միջադեպերի մասին։ Ի պատասխան Ռուսաստանի նախագահը ասաց․ - «Ղարաբաղում հրադադարի խախտումը եզակի է եղել։ Հուսով ենք, որ այդպել էլ կմնա»։

Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը հնարավոր է ավելացնի իր խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի հետ համաձայնեցնելուց հետո։ Ադրբեջանը, Պուտինի խոսքով, պետք է համաձայն լինի, որ Ռուսաստանն ավելացնի խաղաղապահների թիվը։

Վլադիմիր Պուտինը այսօր առանձնապես չի ծավալվել ղարաբաղյան թեմայի շուրջ, ընդգծել է, թե ամենակարևորն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով հնարավոր է եղել հաստատել հրադադար և փրկել մարդկանց կյանքեր։

Անդրադառնալով բազմաթիվ խնդիրներին, որ պարբերաբար ծագում են՝ նա նշել է, թե դրանք տեխնիկական հարցեր են, ու դրանք կարգավորելու համար անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե երբ կարող են սկսվել այդ բանակցությունները, ինչպես են լուծվելու ենթակառուցվածքների, ճանապարահների և հայ-արդբեջանական սահմանի հետ կպված բազմաթիվ հարցերը։

Պուտինի խոսքով, հրադադարից հետո հաջորդ փուլը, ըստ համաձայնագրի, պետք է լինեն տրանսպորտային և ենթակառուցվածքային հարցերը․ - «Սա վերաբերում է Նախիջևանին և Հայաստանի հյուսիսին և հարավին»։ Թե ինչ նկատի ուներ Պուտինը, երբ ասում էր «Հայաստանի հյուսիս և հարավ», հասկանալի չէ։

Այսօր արդբեջանական աղբյուրները հայտնել են, որ Ստեփանակերտ պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականներ։ Սակայն Պուտինին փախստականների մասին հարց այսօր չեն տվել։ Նոյեմբերի 9-ին ստոագրված համաձայնագրում փախստականների վերադարձի մասին նշված է, բայց մասնավորեցված չեն ժամկետները և փախստականների քանակը։ Ենթադրվում է, որ սրանք բոլորը այ հարցերն են , որ պետք է կարգավորվեն բանակցային սեղանի շուրջ։

Թուրքիայաի նախագահի մասին խոսելիս Պուտինն ասաց, թե Էրդողանը «իսկական տղամարդ է, իր խոսքի տեր է և շատ համառ է Թուրքիայի շահերը առաջ տանելու հարցում»։

XS
SM
MD
LG