Մատչելիության հղումներ

Հորադիզ-Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է 41 զոհված հայ զինվորի աճյուն


Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հորադիզ-Ջաբրայիլի հատվածում շարունակվող որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինվորի աճյուն։

Տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը․ - «Երեկոյան արդեն պարզ դարձավ, որ 41 զոհված զինծառայողի մարմին է հաջողվել գտնել և վերադարձնել Ստեփանակերտ։ Ըստ երևույթին այստեղից կտեղափոխվի Գորիս, այնուհետև արդեն Հերացու անվան բժշկական կենտրոն։ Այսօր աշխատանքները շարունակվել են նույն հատվածներում՝ Հորադեզի ուղղությամբ, Ջաբրայիլի ուղղությամբ և Հադրութի ուղղությամբ։ Երեք ուղղություններում հինգ աշխատանքային խումբ այս պահին աշխատում են։ Հրապարակված թիվը այս պահին հասել է 933-ի, բայց ուշ երեկոյան այդ թիվը կփոխվի»։

Որոնողական աշխատանքների մեկնարկի պահից՝ նոյեմբերի 13-ից մինչև օրս, ողջ մնացած միայն մեկ զինծառայող է հայտնաբերվել նոյեմբերի 14-ին Շուշիի շրջանում։ Նույն հատվածում հայտնաբերվել է նաև մեկ արդբեջանցի։ Այլ ուղղություններով ողջ մնացած զինծառայողներ չեն հայտնաբերվել։

«Իհարկե, մենք էլ ամեն անգամ որոնողական աշխատանքների ընթացքում միշտ մտածում ենք, որ շուտով գուցե հրաշք կկատարվի և ողջ զինծառայող կհանդիպենք։ Բայց, ցավոք սրտի, այդ հատվածներում նման դեպք չի արձանագրվել», - նշեց Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների ծնողներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք։ Բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել նաև մեծացնել տեղանքում աշխատող խմբերի թիվը։

«Առաջ երկու խումբ էին թողնում, հիմա այդ խմբերը դարձել են 5-ը, 4-ը։ Հիմնականում խաղաղապահները բանակցությունն են վարում, ուղղությունը տալիս են մեզ, և մենք մտնում ենք։ Եղել է դեպք, որ առանց խաղաղապահների միջամտության է եղել այդ ամենը», - ասաց Հունան Թադևոսյանը։

Ինչ վերաբերում է գերիներին, ապա հայկական կողմը չի բացառում, որ նրանց թիվն ավելի մեծ է, քան հայտարարում է պաշտոնական Բաքուն։ Զոհված զինծառայողների դիակների դուրս բերման գործընթացը կօգնի ճշգրտել Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին տվյալները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չցանկացավ որևէ թիվ հրապարակել։ Ասաց, որ ՄԻԵԴ ներկայացվելիք ապացույցների հավաքագրման աշխատանքները դեռ շարունակվում են։

Վարչապետ Փաշինյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ գերիների հաստատված դեպքերի վերադարձը ավարտական փուլում է, և շարունակվում են աշխատանքները չհաստատված դեպքերի շուրջ պարզաբանումներ մտցնելու ուղղությամբ․ - «Մենք ունենք հաստատված դեպքեր, և հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի շուրջ կա պայմանավորվածություն։ Եվ մենք ունենք տեղեկատվություն մեր զինվորների և քաղաքացիական անձանց մասին, որոնք կարող են գերեվարված լինել։ Եվ մեր խնդիրը հետևյալն է՝ աշխատել․․․ Ի միջի այլոց, նաև այդ որոշումը կայացրել եմ, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ կենտրոնանալ չհաստատված դեպքերի շուրջ հետաքննություն, տեղեկատվության հավաքագրում իրականացնելու վրա, ավելի շատ կենտրոնանալ այդ խնդրի վրա։ Նաև կենտրոնանալ մարմինները դուրս բերելու ցավալի, բայց անհրաժեշտ գործընթացի վրա։ Նաև կենտրոնանալ այն հնարավոր դեպքերի լուծման վրա, երբ կարող են թիկունքում լինել մեր զինվորների խմբեր, որոնք պատսպարված են անտառներում կամ որևէ տեղ։ Այսինքը՝ նկատի ունեմ, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ կերպով լուծել հարցերը, մենք պետք է էդ հարցերի շրջանակը հնարավորինս նեղացնենք, այսինքը՝ լուծումներ տալով գնանք առաջ, որպեսզի ավելի մեծ եռանդ կարողանանք կենտրոնացնել դեռևս չլուծված հարցերի վրա»։

Գերիների հետագա փոխանակման բանակցությունների շարունակականության մասին այսօր Կառավարության նիստին խոսել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմին խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ։

Դեկտեմբերի 14-ին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 12, Ադրբեջանը Հայաստանին՝ 44 գերու կամ ազատազրկված անձի։

Հայկական կողմը գերիների վերաբերյալ 123 դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG