Մատչելիության հղումներ

Ըստ դատախազության, բողոքի երթի ընթացքում խուլիգանական միջադեպի փաստով քրգործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, Հայաստանի դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ դեկտեմբերի 14-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին են ուղարկվել Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում արձանագրված՝ նույն օրը Երևան քաղաքում անցկացվող բողոքի երթի ընթացքում տեղի ուենցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ըստ դատախազության, պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան-Հր.Քոչար փողոցների խաչմերուկում, մի խումբ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել քաղաքացի Դ.Ղ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, նշված միջադեպի ժամանակ անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն է գործադրել մեկ այլ անհայտ անձի նկատմամբ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի բաժանմունքում նույն օրը Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Դատախազությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է նաև առերևույթ բռության ենթարկված մյուս անձի ինքնությունը, 2 անձ ճանաչվել է տուժող: Քննչական և դատավարական համապատասսխան գործողություններով հաստատվել է մի խումբ անձանց կողմից վերջիններիս ծեծի ենթարկելու և հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքը: Արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի ժամանակ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել և տուժողներից մեկի նկատմամբ առերևույթ բռնություն է գործադրել Էջմիածին քաղաքի բնակիչ հանդիսացող Խ. Մ.-ն, վերջինս Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում: Պարզվել է նաև, որ մյուս տուժողի նկատմամբ խմբի կազմում, բռնությամբ զուգորդված խուլիգանությունն առերևույթ կատարել են Արտաշատ քաղաքի բնակիչներ Շ. Թ.-ն և Ս. Պ.-ն: Վերջիններս կասկածվում եմ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:

Նշված երեք անձանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG