Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Թուրքիան վաղը Իգդիր-Նախիջևան գազատարի վերաբերյալ հուշագիր կստորագրեն


Գազատարի շինարարություն, արխիվ
Գազատարի շինարարություն, արխիվ

Թուրքական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան վաղը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Իգդիր-Նախիջևան գազատարի վերաբերյալ։ Թուրքական մամուլը գրել է, թե գազատարը պետք է անցնի պատերազմից հետո ադրբեջանական կողմին անցած տարածքներով դեպի Նախիջևան, իսկ այնտեղից՝ Թուրքիայի Իգդիր նահանգ։

Տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությունից՝ հայտարարելով, որ փաստաթղթի մանրամասները կհրապարակվեն այն ստորագրելուց հետո:

2010 թվականից Բաքուն և Անկարան բանակցություններ են վարում թուրքական Իգդիրից մինչև ադրբեջանական Նախիջևան գազատարի կառուցման շուրջ։ Այսօր Ադրբեջանը գազ է մատակարարում իրանական Աստարա քաղաք, ապա Իրանը մոտավորապես նույն ծավալներով առաքում է կատարում Նախիջևան՝ իրեն թողնելով ադրբեջանական գազի մատակարարումների մինչև 15 տոկոսը՝ որպես տարանցման վճար, և Բաքուն ու Անկարան արդեն շուրջ 10 տարի է բանակցում էին նոր գազատարի շուրջ։ Այսօր փաստորեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են փոխել կառուցվելիք գազատարի աշխարհագրությունը։

Հավելենք՝ անցած տարվանից Անկարան փաստացի հրաժարվել է ռուսական գազից և այսօր գազ է ստանում մեծամասամբ Ադրբեջանից; Իսկ այս նոր գազատարը կարող է ամբողջությամբ փոխել տարածաշրջանի էներգետիկ քարտեզը։

Հիշեցնենք, Ադրբեջանը ոչ Թուրքիայի, ոչ էլ Նախիջևանի հետ չունի ընդհանուր սահման։ Այսինքն՝ այդ գազատարը պետք է անցնի Հայաստանի՞ տարածքով։ Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում Հայաստանի տարածքով միջանցքի մասին որևէ բառ անգամ գրված չէ։ Սակայն թե՛ Բաքուն, թե՛ Անկարան պարբերաբար հայտարարում են, որ պատրաստվում են Հայաստանի տարածքով ավտոճանապարհ, երկաթգիծ կառուցել, հիմա էլ պարզվեց, որ պատրաստվում են նաև գազատար կառուցել։

Անդրադառնալով Նախիջևանին՝ երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը իր ծավալուն խոսքում Ադրբեջանի նախագահը նշել էր ․ - «Միաժամանակ, ես ասել եմ, որ Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության ստեղծումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Մենք հասել ենք դրան քաղաքական ճանապարհով, և Փաշինյանը դա ստորագրել Է հայտարարության միջոցով։ Դրանով կապահովվի Նախիջևանի կապը Ադրբեջանի մնացած հատվածի հետ։ Սա արդեն Ադրբեջանի համար պատմական կարևոր ձեռքբերում է։ Միաժամանակ, դա նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում հետագա գործունեության հետ կապված քննարկումների համար»:

Այդ նույն հանդիպմանը Ալիևն ասել է, թե հայկական կողմի կապիտուլյացիան հնարավոր է դարձել նաև Ռուսաստանի նախագահի միջորդությամբ․ - «Հայաստանը պարտադրված ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։ Նրանք երբեք դա չէին ստորագրի կամավոր։ Մենք նրանց ստիպեցինք, ոչ թե Մինսկի խումբը։ Մենք և նախագահ Պուտինը։ Դա իրականություն է։ Եթե չլիներ նախագահ Պուտինի միջամտությունն ու ջանքերը, այսօր հավանաբար իրավիճակն այլ կլիներ»։

Պաշտոնական Մոսկվան Ալիևի նման ոչ միանշանակ հայտարարությունները սովորաբար առանց մեկնաբանության է թողնում։

Հավելենք, որ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Ալիևը հերթական անգամ մեղադրել է Հայաստանի վարչապետին բանակցային գործընթացը տապալելու մեջ՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը փորձել է քանդել բանակցային գործընթացի ձևաչափը, և նրա «սադրիչ գործողություններն ու հայտարարությունները» բանակցություններն անիմաստ են դարձրել։

XS
SM
MD
LG