Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ը շուրջ 315 մլն դոլարի վարկային միջոցներ է հատկացնում Հայաստանին


Արժույթի միջազգային հիմնադրամի լոգոն, արխիվ

Անցած շաբաթավերջին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում երկրի համար հասանելի են դարձել 25,714 միլիոն ՀՓԻ՝ շուրջ 36,7 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ։ Համատեղ ծրագրի ներքո հատկացվել են 231,657 մլն ՀՓԻ կամ շուրջ 315 մլն դոլար ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։

Ինչպես հաղորդում է Հայաստանի կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ԱՄՀ-ի գնահատմամբ՝ դրամավարկային քաղաքականությունը եղել է ըստ անհրաժեշտության ընդլայնողական՝ աջակցելով տնտեսությանը և պահպանելով բանկային համակարգի իրացվելիությունը, իսկ գնաճը պահպանվել է ցածր մակարդակում։ Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը պետք է ուշադիր հետևի շուկաների զարգացումներին և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ճշգրտել դրամավարկային քաղաքականությունը մակրոտնտեսական կայունությունը ապահովելու համար՝ պահպանելով փոխարժեքի ճկունությունը գնաճի նպատակադրման շրջանակներում ցնցումները կլանելու համար։ Չնայած ֆինանսական համակարգը սթրեսի նշաններ ցույց չի տվել, Կենտրոնական բանկը պետք է շարունակի բացահայտել ֆինանսական համակարգում առկա պոտենցիալ խոցելիություններն ու ռիսկերը և պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ֆինանսական կայունությունը ապահովելու համար:

«ԱՄՀ խորհրդի անդամները դրական են արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական ցնցումները նշանակալի բացասական ազդեցություն չեն թողել ֆինանսական համակարգի վրա։ Վերջիններիս դիտարկմամբ՝ ֆինանսական ոլորտի բարեփոխումները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են, կնպաստեն տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ աճին», - նաև ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG