Մատչելիության հղումներ

Նախարարի խոսքով՝ այսօր շատ կարևոր է, որ Սյունիքը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից


Սուրեն Պապիկյան.

Այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ Սյունիքի մարզը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից, հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելով Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Պապիկյանն ընդգծել է՝ Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջարկելիս ելել են նաև այս փաստից։

«Յուրաքանչյուր բախտորոշ ժամանակաշրջան իր առանձնահատկություններն ունի, և պարոն Մելիքսեթ Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջարկելիս՝ ելել ենք այն փաստից, որ Սյունիքն առավել առանձնահատուկ է իր սահմանային լինելով ու այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից, հասկանում է պահի կարևորությունը և մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Մ․Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը», - ըստ մարզպետարանի պաշտոնական կայքէջի, ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ վստահության համար, նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն ամեն ինչ անելու է այն ապահովելու համար։

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվեց դեկտեմբերի 3-ին, իսկ կառավարության դեկտեմբերի 9-ի որոշմամբ, այդ պաշտոնում նշանակվեց Մելիքսեթ Պողոսյանը։

Հունան Պողոսյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերից: Նախքան այդ էլ՝ մինչև 2018 թվականի մայիսը Պողոսյանը եղել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG