Մատչելիության հղումներ

Ըստ ՄԻՊ-ի, «անընդունելի է դատավորների ու ԲԴԽ անդամների մասնակցությունը վարչապետի հրավիրած քննարկմանը»


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արխիվ

Արդյոք դատաիրավական համակարգը պատշաճ է արձագանքել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հուզող այս հարցի պատասխանը երեկ փորձել է ստանալ հենց համակարգի ներկայացուցիչներից՝ կառավարությունում։

«Կուզենայի մտքեր փոխանակել, թե ինչքանով են այսօր իրավակարգը պահպանող ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում», - ասել է վարչապետն ու պատշաճությունը փորձել պարզել նոյեմբերի 9-ի գիշերվա դեպքերով հարուցված գործերի ընթացքով։ Այդ գիշեր, երբ հայտնի էր դարձել Փաշինյանի ստորագրած հայտարարության մասին, քաղաքացիները ներխուժել էին Կառավարություն ու Ազգային ժողով, կառավարական ամառանոց ու ծեծել Արարատ Միրզոյանին:

«Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը: Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին», - ասել է վարչապետը:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, քննչական մարմինների ղեկավարները, արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, Բարձրագույն դատական խորհրդից անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Երևանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանի նախագահները և այլ ներկայացուցիչներ։ Թե ինչպիսի՞ն է եղել նրանց գնահատականը վարչապետին հետաքրքրող գործերին և առհասարակ ոլորտի գործունեությանը, կառավարության տարածած հաղորդագրությունում նշված չէ։

«Եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս կազմով վարչապետի նախաձեռնած խորհրդակցությունն անարձագանք չմնաց։ Դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցություն այդ քննարկմանը քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Անընդունելի եմ համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը: Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է օմբուդսմեն Թաթոյանը։

Նման քննարկումներին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների, դատավորների մասնակցությունը բնական է և դատարանների անկախությանը վտանգ տեսնելը հիմնավորված չէ, օմբուդսմենին հակադարձում է ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, որը մասնակցել է հանդիպմանը:

«Հանդիպման ժամանակ, որին մասնակցում է շուրջ 3 տասնյակ մարդ, ինչպե՞ս եք ենթադրում կամ պատկերացնում, որ ինչ-որ ձև պետք է անօրինական միջամտություն լինի կամ այլն: Ազգային ժողովի նախագահի դեպքով, ինչքան ես հասկացա, մի քանի տասնյակ մեղադրյալներ կան, ու մի քանի տասնյակ դատավորներ այդ գործընթացներում ներգրավված են: Այն առումով, թե ինչպիսի քննարկումներ են լինում այս կամ այն ոլորտում առկա խնդրահարույց և միգուցե նաև ոչ խնդրահարույց հարցերի վերաբերյալ, ես դա միջամտություն չէի ուզենա, որ դիտարկեի», - ասաց Քոչարյանը:

Բարձրագույն դատական խորհրդի ոչ բոլոր անդմաներն են մասնակցել վարչապետի նախաձեռնած հանդիպմանը, այդ թվում՝ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, հրավեր ստացել է, թե՝ ոչ, չասաց: Իսկ դատավորների և ԲԴԽ անդամների մասնակցությամբ վտանգվե՞լ է դատական համակարգի անկախությունը, Վարդազարյանը հրաժարվեց կարծիք հայտնել: Արդյոք դատավորների ու դատարանների անկախության երաշխավոր ԲԴԽ-ն պատրաստվո՞ւմ է քննարկել այս հարցը, նա նշեց. «Վաղը Բարձրագույն դատական խորհրդի նիստ է տեղի ունենալու, և այդ հարցը այդ օրակարգում կներառվի, թե չէ, դա քննարկման առարկա կդառնա»:

Երկու շաբաթ առաջ Ռուբեն Վարդազարյանը վարչապետի հեղինակային աղմկահարույց որակմամբ դիմել էր դատավորներին, թե «այսօր է վերջնական տրվելու շուրջ երկու տարի դատավորների համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալներ»:

XS
SM
MD
LG