Մատչելիության հղումներ

Կառավարության շենքի մոտ անցկացվեց Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույց


Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույց Կառավարության շենքի մոտ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ կրկնելով արդեն շաբաթներ շարունակ հնչեցվող պահանջը՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ձևավորվի անցումային կառավարություն, որն էլ պետք է երկիրը մեկ տարվա ընթացքում նախապատրաստի արտահերթ ընտրությունների։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, պնդեց, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ընդամենը բլեֆի է գնացել՝ ժողովրդին հավաստիացնելով, թե պայքարում է կոռուպցիայի դեմ․ - «Պատերազմը ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչ միայն չեն պայքարում կոռուպցիայի դեմ, այլ խոշորագույն կոռուպցիոներներ են, որի գինը դարձել է նաև մեր հինգ հազար զոհված զինվորները, որովհետև այն ՕՍԱ-ԱԿԱ-ները, որ առել էին թանկ գնով, դրանք չեն աշխատել, դրանք մետաղի ջարդոն են էղել։ ՍՈւ-30 ինքնաթիռները առանց հրթիռ են եղել, նույնպես կոռուպցիոն գործարք է դա»։

«Պետք հասկանանք, Հայաստանը այս օրերին հայտնվեց հիմարությա՞ն, թե՞ դավաճանության հետևանքով», - շարունակեց Թևանյանը։ - «Երեկ Ազգային ժողովում խոսվում էր այն մասին, որ մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների։ Սա մեսիջ էր այն մասին, որ իրենք պատրաստվում են ընտրակեղծիքների։ Ուրեմն գլխավոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որպեսզի այս կապիտուլյանտ իշխանությունը ինքը կազմակերպի ընտրություններ, որովհետև ինքը լեգիտիմ չէ և չի ներկայացնում ժողովրդի իշխանությունը։ Ժողովուրդը իր ձեռքը պետք է վերցնի իշխանությունը և կազմակերպի ընտրություններ»։

Կառավարության շենքը հսկում էին ոստիկանության մեծաքանակ ուժեր։ Թերևս սխալված չենք լինի, եթե նշենք, որ եկավ մի պահ, երբ ոստիկանների ուժերն ավելի շատ էին, քան ակցիայի մասնակիցների թիվը։

«Քանի որ Փաշինյանի իշխանությունը հիմնված է փողի վրա, կառավարության շենքի մոտով անցնելիս մանր դրամներ նետեք», - հայտարարեց Թևանյանը։ - «Թող կշտանան իրենց պարգևավճարներով, երեսուն արծաթը թող ստանան ու հեռանան այստեղից»։

Ելույթներից հետո իրավիճակը սկսես թեժանալ։ Մի խումբ որոշեց մուտք գործել կառավարության շենք։

Կառավարության շենքի մոտից ակցիայի մասնակիցները՝ մեծ մասը երիտասարդներ, որոնց մեջ էին նաև ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության անդամները, շարժվեցին դեպի Տիգրան Մեծ պողոտա, կարողացան մոտ հինգ-տասը րոպեով արգելափակել երթևեկությունը, որից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ առավոտյան Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 42 հոգու՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն և ազատ են արձակվել։

XS
SM
MD
LG