Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներին միանում է նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցին


Ցույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Երևան, 8 դեկտեմբերի, 2020թ.

Միջազգային մամուլը ղարաբաղյան պատերազմի հետևանքների մասին:

Արդյո՞ք եկեղեցու ձայնը կարող է վճռել Փաշինյանի ճակատագիրը

«Ինչու հայոց եկեղեցին գնաց Փաշինյանի դեմ»՝ այս վերնագրի ներքո Взгляд ռուսական պարբերականը գրում է, որ երկու կաթողիկոսները վարչապետին կոչ են անում ազատել պաշտոնը:

Ինչո՞ւ է եկեղեցին միջամտում զուտ քաղաքական հարցերին և արդյո՞ք եկեղեցու ձայնը կարող է վճռել Փաշինյանի ճակատագիրը:

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո փոխվել են արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարները, «Իմ քայլից» հեռացել են մի խումբ պատգամավորներ, իշխանությունը ժամանակավոր վարչակազմին փոխանցելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչով է հանդես եկել հանրապետության նախագահը, և ահա նույն հորդորն են հնչեցնում երկու հոգևոր առաջնորդները՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Կաթողիկոսը խորհրդանշական առումով հայերի համար շատ կարևոր դերակատար է, անցյալում Գարեգին Երկրորդը, ինչպես նաև նրա նախորդները, ներքաղաքական հարցերում սոսկ խաղաղարար-դիտորդների դեր են կատարել, բայց ղարաբաղյան պատերազմի ավարտը Հայաստանյանց Առաքելական եկեղեցուն ստիպում է հրաժարվել ներքաղաքական չեզոքությունից», - Взгляд-ին ասել է ԱՊՀ ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովի խոսքով՝ «եկեղեցուն ստիպել է Փաշինյանին դիմել ազգային աղետը, որի միջով անցնում է Հայաստանը»:

Առաքելական եկեղեցին հայերի ինքնության գլխավոր տարրն է՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:

Մարկովի համոզմամբ, 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական միջավայրում են հայտնվել ազատական հայացքներ դավանող մեծ թվով մարդիկ արտասահմանյան աջակցությամբ գործող ՀԿ-ներից:

Հենց ամենասկզբից Փաշինյանի իշխանության և եկեղեցու միջև լավ գործընկերական հարաբերություններ չեն հաստատվել:

Այնուամենայնիվ, Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ, եկեղեցու դիրքորոշումը վարչապետի խնդրում մեծ դեր չի ունենա:

Երկրի և հանրության առջև ծառացել են հարցեր, որոնք շատ ավելի հրատապ են Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջի համեմատությամբ՝ հարկ է հստակեցնել իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին և կանխել Ղարաբաղում նոր հնարավոր պատերազմի վտանգը:

Թուրքերը կմասնակցեն Բաքվի զորահանդեսին

Բանակի և սպառազենի հարցեր լուսաբանող Defence Blog առցանց հանդեսը հայտնում է, որ Բաքվում վաղը կայանալիք զորահանդեսին կմասնակցեն նաև թուրք զինվորականներ: Նրանք արդեն գտնվում են Ադրբեջանում և պատրաստվում են այդ միջոցառմանը:

Վերլուծաբանները նշում են, որ թուրքական տեխնիկան և թուրք մասնագետները չափազանց կարևոր դեր են կատարել Ղարաբաղի ռազմաճակատում Ադրբեջանի բանակի գրանցած հաջողության հարցում:

Ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով

Mediamax տեղեկատվական կայքը վկայակոչել է սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր, ռուսաստանցի մեծահարուստ, ծագումով հայ Ռուբեն Վարդանյանին, ով ասել է, որ այսօր հայ հասարակության համար հիմնական մարտահրավերը «ճգնաժամի խորության գիտակցումն է»:

Բարերարի համոզմամբ, դա թույլ կտա առանց խուճապի մատնվելու հասկանալ, որ այն հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով:

«Ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը հնարավորություն չունեն միայնակ լուծել այս խնդիրները: Մեզ պետք է անկեղծ խոսակցություն այն մասին, թե որտեղ ենք մենք գտնվում այսօր, այլ ոչ թե բաժանում «ներկաների» և «նախկինների», «սևերի» կամ «սպիտակների», - նշում է Ռուբեն Վարդանյանը:

Ադրբեջանցի զինվորները պատերազմի հանցագործություններ են կատարել

Բրիտանական Morning Star-ը գրում է, որ ադրբեջանական կողմը պատերազմի հանցագործություններ է կատարել, դրա վերջին վկայությունն ադրբեջանցիների կողմից տարեց խաղաղ հայ բնակչին գլխատելու զարհուրելի արարքն է:

Հոկտեմբերին էլ նրանք այդ նույն դաժան մեթոդով հայ ռազմագերիներից մեկին են սպանել: Կա նաև 73-ամյա և 25-ամյա երկու հայ տղամարդկանց գնդակահարության տեսագրությունը: Ադրբեջանի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG